Եկել ենք ոչ ասելու անտարբերությանը. բողոքի ակ...

Այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էր տեղի ունենում`Արման Վալերիկի Առաքելյանի` ՀՀ ոստիկանությանն արտահանձնելու շուրջ ստեղծված խոչընդոտները վերացնելու պահանջով: Ցուցարարների խոսքով՝ ստեղծված խոչընդոտներն արհեստական են, իսկ պատկան մարմինները անտարբերություն ու հանցավոր անգործություն են ցուցաբերում:

Բողոքի ակցիան, որն, իրենց մեկնաբանմամբ, նաև իրազեկման նպատակ ուներ, կրում էր «Ոչ անտարբերությանը» կարգախոսը: Ակցիայի կազմակերպիչը «Կամք» հասարակական կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանն էր: Ակցիային մասնակցում էին նաև Արման Առաքելյանի հարազատները, ընտանիքի անդամները: Ներկա էր նաև ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ընդգծեցին՝ այն որևէ քաղաքական ենթատեքստ չունի, քաղաքական որևէ ուժի ուղղված չէ, պարզապես մտահոգ են Արմանի ճակատագրով, իսկ իրենց տեղեկություններով՝ Արմանի կյանքին վտանգ է սպառնում՝ պայմանավորված Ադրբեջանի իշխանությունների շահագրգռվածությամբ, իսկ իրենք կարևորում են ՀՀ քաղաքացու անվտանգությունը ոչ միայն հանրապետության սահմանների ներսում, այլև դրանից դուրս: 

Վահագն Չախալյանը բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսի հետ մտավ կառավարության շենք՝ նամակ գրելու և փոխանցելու:

Հիշեցնենք՝ Արման Վալերիկի Առաքելյանը 2015թ.-ին դատապարտվել է 18 տարի ազատազրկման և իր պատժաչափը կրում է ՌԴ-ի Մուրմանսկ քաղաքի բանտում: