Շաբաթների ընթացքում եկամտահարկը կնվազեցվի

Կառավարությունը արդեն ծրագրել է, մենք ընդամենը շաբաթների ընթացքում որոշակի փոփոխություն կմտցնենք հարկային օրենսգրքում՝ մարդկանց եկամտահարկը մի քիչ կնվազեցվի: Ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից թոշակների և նվազագույն աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը ներկայացրեց վերջին 10 տարիներին Հայաստանի զարգացման ցուցանիշները: Մասնավորապես, 2007 թ.-ի համեմատ 2017 թ.-ին տնտեսությունը աճել է 2.1 անգամ՝ 2 տրիլիոն 656 մլրդ դրամից դառնալով 5 տրիլիոն 580 մլրդ դրամ: Նվազագույն ամսական աշխատավարձը վերջին 10 տարիներին 15 հազար դրամից դարձել է 55 հազար դրամ, իսկ միջին աշխատավարձը՝ 62 հազարից դարձել է 184 հազար դրամ:

«Որպեսզի հստակ լինի, որ առօրյան նույնը չի մնացել, ապա պետք է ասեմ, որ իրական միջին աշխատավարձի ինդեքսը այն ժամանակվա 100-ի փոխարեն հիմա 168 է:

Այսինքն, մարդկանց կյանքը բարելավվել է, ակնհայտ է դա»,- ասաց վարչապետը:

Նա վստահ է, որ նոր կառավարման համակարգի առկայության պարագայում երկրում դրական փոփոխությունների ընթացքն ավելի արագանալու է:

Սերժ Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ի առաջնային խնդիրներից մեկն արտագաղթն է, բայց միևնույն ժամանակ նկատեց, որ արտագաղթը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլ նաև նախկին խորհրդային երկրներին, Արևելյան Եվրոպային, նույնիսկ Արևմտյան Եվրոպային:

«Իմ հայտարարած 2040 թ.-ին 4 մլն բնակչություն ունենալը հասանելի թիվ է: Առաջին հերթին նվազումը պետք է դադարեցնենք, տենդենցը գնում է դեպի նվազում, 2017 թ.-ի թվերը հուսադրող էին: Այս թիվը պետք է հասնի զրոյի և առաջ շարժվի, ներգաղթ պետք է ապահովել, ծնելիությունը բարձրանա: Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք կսկսենք Հայաստանի մինչև 2030 թ.-ի զարգացման ռազմավարության քննարկումները»,- հայտնեց վարչապետը:

Հարցին, թե կան այնպիսի ծրագրեր, որոնք չեք կարողացել իրականացնել որպես նախագահ, բայց հիմա կկարողանաք իրականացնել որպես վարչապետ, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Խոստացել Իրան – Հայաստան երկաթուղի, ատոմակայան կառուցել, բայց պետք է ասեմ, որ որևէ ծրագրում հնչած կամ ներառված դրույթները երբեք չեն կարող լինել քարացած: Հաշվարկը ցույց է տվել, որ Իրան- Հայաստան երկաթուղու կառուցման համար շատ ավելի շատ միջոցներ են պետք, քան ավտոմայրուղու կառուցման համար: Եվ ավտոմայրուղին՝ հյուսիս-հարավը մեզ համար շատ ավելի օգտակար կլինի: Մենք եզրակացրել ենք, որ պետության համար ավելի էժան կլինի ավտոմայրուղին»:

Ինչ վերաբերում է ատոմակայանի կառուցմանը վարչապետ Սարգսյանը հայտնեց, որ արդեն փորձարկման շրջանում է գտնվում ավելի փոքր հզորության ատոմակայանի մոդելը, «բայց պետք է հաշվի առնել, որ կանաչ էներգիան շատ մեծ թափով մտնում է մարդկանց կյանք»:

«Արդեն արևային էներգիայի ինքնարժեքը մոտենում է տրամաբանական ինքնարժեքի: Եթե ես տարիներ առաջ ասել եմ, որ ատոմակայան պետք է կառուցենք, անպայման պետք է գնանք իմ ասածը անելո՞ւ, թե՞ երկրի տնտեսության համար էներգիայի աղբյուրի ավելի արդյունավետ և շահավետ եղանակ գտնենք: Ընդհանրապես, որքանով է տրամաբանական, որ դու ծրագիր ես գծում, փորձում ես դրան ձգտել և դա համեմատել երդման հետ: Այո, այստեղ քաղաքական պատասխանատվություն կարող է լինել, բայց քաղաքական պատասխանատվություն պահանջողները պետք է տարբերակեն քաղաքական պատասխանատվությունը անձնական պատասխանատվությունից»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Այս թեմայով