ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել ե...

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը մայիսի 27-30-ը տարածաշրջանային այց էին կատարել: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց այցի վերաբերյալ հայտարարություն են տարածել:

Համանախագահները մայիսի 27-ին Երևանում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ մայիսի 30-ին՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Երկու երկրների մայրաքաղաքներում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հետ: Մայիսի 28-ին նրանք հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Բաքվում համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ:

Համանախագահների տարածաշրջանային այցի հիմնական նպատակն էր գնահատել իրավիճակը շփման գծում և սահմանին, ինչպես նաև հետևել մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև ապրիլի 15-ին Մոսկվայում երկու երկրների արտգործնախարարների միջև կայացած քննարկումներին հաջորդող ընթացքին:

Հայտարարությունում նշվում է, որ համանախագահներն առաջարկներ են ներկայացրել խնդրի կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ, այդ թվում՝ հումանիտար և անվտանգության հարցերով: Երկու երկրների արտաքին գործերի նախարարներն ընդունել են համանախագահների առաջարկը՝ առաջիկայում հանդիպել իրենց հովանու ներքո, և մոտ ժամանակներում մանրամասներ կներկայացնեն:

Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել վերջին շրջանում զոհերի կապակցությամբ և կողմերին կոչ են արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն՝ լարվածությունից խուսափելու համար: