Դուք բոլորդ իմացել եք այդ մասին և քվեարկել եք...

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վարչապետի կողմից նախարարների աշխատավարձերի գաղտնի բարձրացմանը։

«Վարչապետի մամուլի խոսնակը հրապարակել էր, թե ինչ որոշումներ է կայացրել նա։ Ըստ դրա, վարչապետը կայացրել է որոշում, որ նախարարները պետք է ստանան աշխատավարձ գումարած պարգևավճար։ Այսինքն՝ նախարարները 1.5մլն դրամ, փոխնախարարները 1մլն դրամ, մարզպետները 900 հազար դրամ։ Ըստ էության, Դուք շրջանցել եք պետական բարձրաստիճան պաշտոնատար անձանց վարձատրության մասին օրենքը։ Ես այստեղ եմ խնդիր տեսնում, որ դա եղել է առանց խորհրդարանի, քանի որ չի կարող կառավարությունն  իր աշխատավարձը բարձրացնի, ինչպես նաև դրա գաղտնիության մեջ եմ խնդիր տեսնում»,-դիմելով կառավարությանը՝ ասաց Մարուքյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ուզում է մի քանի պարզաբանումներ անել։

«Նախ այդ որոշման արդյուքնում, ոչ բոլոր Ձեր նշած սուբյեկտների աշխատավարձերն են բարձրացել։ Ոմանցը իջել է։ Եվ այս որոշման անկյունաքարային նշանակությունը հենց դրա մեջ է, որովհետև ինչպես հիշում եք, անցած տարի, այսպես կոչված, «պարգևավճարային սկանդալի» արդյունքում, ինչպես նաև քննարկումների, արձանագրել ենք, որ որոշակի դիսպրապորցիա կա։ Հիմա այդ որոշման արդյունքում՝ ոմանցն իջել է, ոմանցը՝ բարձրացել։ Եվ խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդիկ նույն աշխատավարձը ստանան։ Ի միջիայլոց, որ ասում եք օրենք է խախտվել, վաղուց այդ օրենքն այդպես այլևս չի գործում և սանդղակը վաղուց խախտվել է։ Մենք այս պրոցեսը տարել ենք հրապարակային։ 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել եմ, որ եթե նախկինում պարգևատրումների ֆոնդ ունեին ընդամենը մի քանի մարմիններ, ապա հիմա աշխատավարձի 30 տոկոսի սահմաններում բոլոր մարմինների համար սահմանում ենք պարգևատրումների ֆոնդ և բյուջետային քննարկումների ժամանակ դուք բոլորդ իմացել եք այդ մասին և քվեարկել եք դրա օգտին»,-ասաց նա։

Նա նաև հավելեց, որ ինքը ԱԺ ամբիոնից պաշտպանել է այն դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն։

«Բացի դա, հայտարարել եմ, որ ԱԱԾ-ում, ոստիկանությունում և այլ մարմիններում այդ պարգևավճարներով մենք աշխատավարձերը փաստացի բարձրացրել ենք։ ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում պարգևավճարների ֆոնդը նախատեսված է եղել»,-շեշտեց նա։