Ու՞մ բիզնեսն է ծաղկեցնում վարչապետ Փաշինյանը

Երբ փայտահատներն Իջևանում բողոքի ակցիաներ սկսեցին` վարչապետ Փաշինյանը խիստ գնահատականներով հանդես եկավ։ Կառավարության նիստի ժամանակ նա հայտարարեց, որ իրենք վճռական են այս հարցում․«Եվ ընդհանրապես, ի՞նչ է տեղի ունենում այդ ոլորտում, ինչո՞ւ է այսպիսի իրավիճակ ստեղծվում: Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մենք այս թեմայով խոսակցություն նույնպես ունեցել ենք: Մենք ասել ենք, որ վճռականորեն պետք է կասեցնենք այդ գործընթացը, բայց ստացվում է, որ երբ մենք էկրանների առաջ ամբիոններից հայտարարություններ ենք անում, ինչ-որ մարդիկ մեզ նայելով քմծիծաղ են տալիս և 1, 2, 3 օր դադարից հետո իրենց նույն գործողությունները նույն ձևով շարունակում: Խնդրում եմ ներկայացրեք այս իրավիճակի առնչությունն օրենքի և օրինականության հետ»:

Թվում էր, թե իրավիճակը կտրուկ փոխվել է։ Հատկապես Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, թե մարզում անօրինական անտառահատում չկա․«Մոտ մեկ ամիս առաջ մարզից՝ անտառից դուրս գնացող ավտոմեքենաների թիվը մոտ 100-150 էր, երկու օր առաջ դա եղել է 5 մեքենա: Սա նշանակում է, որ մենք լուրջ զսպեցինք անտառահատման գործընթացը եւ բնականաբար, բոլոր այդ 5 դեպքերը օրինական ճանապարհով են եղել: Այսօր անօրինական անտառահատում մենք կարող ենք հայտարարել, որ չկա»: 

Բայց երեկ մենք Արարատի մարզի Մրգավետ համայնքի սկզբնամասում հանդիպեցինք 12-ից ավել բեռնատար մեքենաների, որոնք բեռնված էին անտառափայտով։ Վաճառողները Տավուշի մարզի բնակիչներ էին։ 

Մեր հրապարակումը լայն արձագանք գտավ և այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը իր ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ է հանդես եկել․«Օգոստոսի 15-ին սոցիալական ցանցի օգտատիրոջ կողմից տարածված Մխչյանի խողովակների մոտ փայտանյութի վաճառքի ահազանգի հետքերով այսօր վաղ առավոտյան Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել են Արարատի մարզի Մրգավետ համայնք, որտեղ կանգնած են եղել վառելափայտով բեռնված թվով 9 ավտոմեքենա՝ վարորդները ներկայացրել են փայտանյութի ձեռքբերման օրինականությունը հավաստող բոլոր փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողություն իրականացնել ՀՀ մի շարք մարզերում՝ ապօրինի ծառահատումներն ու փայտանյութի տեղափոխումը բացառելու նպատակով»։

Ստացվում է վարչապետ Փաշինյանի խոսքերը անտեղի էին և այսօր կարելի է մեծ ծավալներով փայտ հանել անտառից։ Իջևանի մեր ընթերցողներն էլ տեղեկացնում են, որ անտառից նախկինի չափ փայտ է հանվում։ Փոխվել է միայն մեկ բան՝ նախկին 10 հոգու փոխարեն 5 հոգի են կարողանում նույն ծավալի փայտ հանել։ Ծանրացել է նաև գնորդների վիճակը՝ նրանք նախկինից 30 տոկոս ավել են վճարում նույն փայտի համար։ Ստացվում է վարչապետն իր հայտարարությամբ և կառավարությունն իր գործունեությամբ բնապահպանական որևէ խնդիր չեն լուծել, նրանք միայն ավելացրել են որոշ փայտահատների եկամտի չափը։ Այստեղ միայն մեկ հարց է բաց մնում, թե ու՞մ բիզնեսին է նման մեծ օգուտ տվել վարչապետ Փաշինյանը։