Դրոշը այրելը թուրք ժողովրդի դեմ չէ, այլ ժխտող...

Ապրիլի 23-ին ջահերով երթի ժամանակ դաշնակցական երիտասարդներ այրեցին Թուրքիայի դորշը: Դեպքի առիթով սոցցանցերում արշավ սկսվեց` դրոշը այրելու քայլը համարելով հանցագործություն, որով պետք է զբաղվի ոստիկանությունը: ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Politik.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ քայլը Թուրքայի պետական ժխտողական քաղաքականության դեմ բողոքի արտահայտություն է.

«Այդ երիտասարդներից շատերին որպես ընկեր, որպես ծանոթ, նրանց քաղաքական, շատերի դեպքում նաև մարտական ուղին իմանալով ասում եմ, որ քաղաքացիների կողմից այդպիսի կեղծ ահազանգերով հազարավորներին ընդհանրական մեղադրանք հնչեցնել փոքր ինչ անհասկանալի է: Ոստիկանությունը եթե փորձեր այդ ահազանգերի հետքերով գնալ կոնկրետ հասցեատերերի չէր կարող գտնել: Դրոշը այրելու մասին ոչ քաղաքակիրթ մեկնաբանություններ գրողները պետք է կարդան Թուրքիայի նախագահի ուղերձը, թե հայերի գլխին կատարվածը քիչ է, և կհասկանան` ինչի դեմ է այս բողոքը, ոչ թե կեղծ եղբայրասիրական և խաղաղասիրական քայլեր անեն: Այդ երիտասարդները 18 տարին դեռ չբոլորած 2016-ի ապրլին դաշնակցության կամավորական ջոկատներում Թալիշում էին կանգնած, հայոց բանակի դեմ ֆեյսբուքներում տարիներ շարունակ գրառումներ չին անում»:  

Տեղեկացնենք, որ Մանուկյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրապարակավ այրել է Թուրքիայի դրոշը` ասելով. «Որպես ՀՀ  քաղաքացի, շարունակելով այդ երիտասարդների` ապրիլի 23-ին կատարած քայլը, հրապարակային այրում եմ Թուրքիայի դրոշը: Սա թուրք ժողովրդի, թուրք մարդկանց դեմ չէ, ինչը այդքան փորձում են շահարկել, սա ժխտողական կեցվածք ունեցող Թուրքիայի կառավարության դեմ է»: 

Աննա Հովհաննիսյան