ԱԳՆ աշխատակազմի ղեկավարը աջակցում է իր ընկերո...

Սեպտեմբերի 3-ին հրապարակում էինք կատարել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը բառի բուն իմաստով շուկայի էր վերածել ԱԳՆ-ն:

ԱԳՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս կայացած դեսպանահավաքի ընթացքում Մելիքյանն իր աշխատասենյակ էր հրավիրել տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին և նրանց էր վաճառել իր ընկերոջ արտադրած «ARCHIR» շոկոլադները: Մելիքյանը դեսպաններին առաջարկել էր գնել շոկոլադի տուփերը՝ ըստ դեսպանությունների մեծության:

ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Politik.am-ի հարցմանը այն մասին, թե Հայաստանում կայացած վերջին դեսպանահավաքի ժամանակ ԱԳՆ աշխատակազմի ղեկավար Վահագն Մելիքյանը տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին առաջարկե՞լ է գնել «ARCHIR» ընկերության շոկոլադ:

Ըստ պատասխանի՝ ԱԳՆ կողմից օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին տրամադրվել են ARCHIR ընկերության արտադրանքի մասին տեղեկատվություն և արտադրանքի նմուշներ, քանի որ հայաստանյան ապրանքատեսակների խթանումը հանդիսանում է նաև ՀՀ կառավարության գերակայություններից մեկը:

Մեզ հաջովեց նաև պարզել, որ նշված շոկոլադները արտադրող անհատ ձեռնարկատեր Կարեն Վարդանյանը նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի ընկերն է։ Հետաքրքիր է, որ ԱԳՆ-ն գովազդում է մի ընկերության, որը հարկային պարտավորությունները բարեխղճորեն չի կատարում և տարբեր անգամներ տուգանվել է ՊԵԿ կողմից (տուգանքի մասին տեղեկատվությունը՝ այստեղ):