Դավիթ Տոնոյանն անդրադարձել է Ադրբեջանից հայ գ...

Ադրբեջանական «Ռեպորտ» տեղեկատվական գործակալությունը սեպտեմբերի 18-ին գրել էր, թե Ադրբեջանը համապատասխան միջազգային կառույցների միջոցով առաջարկել է Հայաստանին փոխանակել գերիներին ու պատանդներին «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Նշվել էր նաև միջազգային դիտորդների միջնորդությամբ երեք օրվա ընթացքում զոհվածների դիերի փոխանակման մասին։ 

Այս մասին, «Ռեպորտ»-ի փոխանցմամբ, տեղեկացրել է Ադրբեջանի Հանարապետության Գերիների, պատանդների և անհայտ կորածների գործերով պետական հանձնաժողովը` սեպտեմբերի 18-ին։ 

Պաշտպանության նախարարության շենքում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Լիբանանի իր գործընկերոջ՝ Էլիաս Բու Սաաբի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ այդ հարցին։

«Ես երեկ հանդիպում եմ ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի ներկայացուցչի հետ։ Ինձ պաշտոնապես փոխանցվել է Ադրբեջանի առաջարկությունը։ Քննարկման որոշ խնդիրներ կան, որոնք որ ես բացահայտել չեմ կարող»,- ասաց Տոնոյանը։

Նախարարի խոսքով՝ հավելյալ որոշ տեղեկություններ կան ճշտելու և երբ որ ադրբեջանական կողմից դրանք ստացվեն, արձագանք կլինի։ Գերատեսչության ղեկավարը նաև ասաց, որ հայկական կողմն աջակցելու է Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի և Արայիկ Ղազարյանի վերադարձման գործընթացին։