Դավիթ Սանասարյանը «վրաերթի» է ենթարկվել

Իշխանափոխության կամ հեղափոխության օրերին ամենավառ կերպարներից մեկը Դավիթ Սանասարյանն էր։ Նա փորձում էր ներկայացնել ազնիվ մարտնչող ու երբեք չընկրկող հեղափոխականի կերպարը, սակայն կամաց-կամաց, ինչպես հեղափոխության շատ կերպարներ, սկսեց խամրել պաշտոն ստանալուց հետո։

Թանկարժեք հագուկապ, ինչ որ գործարքների հետ ենթադրելի կապեր, քրեական գործ, ․․․ այս ամենը կամա թե ակամա նրա հանրային վստահելիության լուսապսակը սկսեց խամրեցնել։

Իրավիճակը շատ ավելի վատացավ նրա համար վրաերթի հետ կապված պատմությունից հետո։ Նախ կատեգորիկ մերժում, ապա մասնակի ընդունում, մասնակի մերժումը, խարխլեց այն վստահությունն ու հավատը, որը հասարակության որոշակի շերտեր ունեին իր հանդեպ։

Իհարկե, նրա կողքին դեռ կան մարդիկ՝ նրան հավատացող ընկերներ մտերիմներ, որոնք եթե նույնիսկ ինչ որ հարցեր էլ ունեն իրենց մեջ Սանասարյանի հետ կապված, միեւնույնն է, դա չեն հանրայնացնում։ Սակայն հանրության բավական ստվար հատվածի մոտ, գոնե սկսած վրաերթի պատմությունից, հարցեր առաջացան, կապված լուսավոր կերպարի եւ իրական անձի համատեղելիության, գործչի անկեղծության մակարդակի հետ։ Չէ որ հասարակությունը իր չափանիշներն ունի հանրային վստահելիության հարցում եւ զգում է, թե երբ են գործիչներն իրենց հետ անկեղծ եւ երբ են ձեւացնում։

Ու ակամա , երբ մեկ հերքում ես ամբողջովին քո հետ կապված պատմությունը, մերթ ընդունում մասնակի, մասնակի էլ հերքում, սկսում են մտածել, իսկ կարող է ինչ որ բան այն չէ, կարող է Դավիթ Սանասարյանը մինչեւ վերջ անկեղծ չէ ու ի վերջո, կարող է ԱԱԾ-ն մի բան գիտեր, որ մեղադրեց, ու քրեական գործ բացվեց նրա առնչությամբ։ Հենց այս կասկածներն ու հարցերն են, որ ի վերջո «վրաերթի» են ենթարկել Դավիթ Սանասարյան հեղափոխականին, տրորելով նրա հանրային վստահելիությունը։