Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանի...

Երեկ երեկոյան ԱԱԾ-ն պաշտոնապես հայտարարեց, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:

ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունից հետո ֆեյսբուքյան գրառում արեց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ գրելով՝․«Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի»։ 

Ըստ էության, Դավիթ Սանասարյանը վարչապետի վերահսկողության տակ գտնվող կառույցին՝ ԱԱԾ-ին, մեղադրեց շինծու գործ սարքելու մեջ։ Դավիթ Սանասարյանը այս կերպ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանին է մեղադրում շինծու գործը հովանավորելու մեջ։ 

ԱԱԾ-ն իր գործողությունների մասին անմիջապես զեկուցում է վարչապետ Փաշինյանին։ Հատկապես այս գործով, երբ մեղադրյալը  վարչապետի ենթակայության տակ գտնվող մեկ այլ կառույցի՝ ՊՎԾ-ի ղեկավարն է։ Վարչապետ Փաշինյանն էլ, խոսելով ԱԱԾ գործունեության մասին, նախորդ տարվա հոկտեմբերի 28-ին հայտարարել էր, որ ԱԱԾ-ն գործողություններ է անում իր գիտությամբ․«ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, և երբ նա օպերատիվ գործողություններ է անում, այդ գործողությունների մասին տեղյակ է լինում վարչապետը: Որևէ քրեական գործ չի ընթանում առանց օպերատիվ սպասարկման: Օպերատիվ սպասարկումն իրականացնում են վարչապետին ենթակա մարմինները»,-հայտարարել էր Փաշինյանը։

Հիմա, եթե վարչապետ Փաշինյանի գիտությամբ, ԱԱԾ-ն, ինչպես Դավիթ Սանասարյանն է պնդում, «շինծու գործ  է կարում, որն անգամ ապացուցման կարիք չունի», ապա ստացվում է՝ հենց վարչապետն է այս ամենի հետևում կանգնած, և Սանասարյանի մեղադրանքը ուղղված է հենց նրան։