Սա Թուրքիայի կողմից մեսիջ է Ռուսաստանին. փորձ...

Նախիջևանի հատվածում, 3-րդ օրն է,  թուրքական հրետանի ու տանկային բատալյոն է կուտակված: Կարծիքների վերաբերյլա, թե թուրք ինստրուկտորները ադրբեջանցի գործընկերների հետ անցկացնում են մարտ վարելու դասընթացներ, և դա կարող է իրենց վտանգ ներկայացնել, Politik.am-ը զրուցել է ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի հետ: Վերջինս նշում է՝ մեր տարածաշրջանում կարող են սկսվել լայնածավալ մարտական գործողություններ, հավանականությունը միշտ է եղել, բայց այս դեպքում հավանականությունը շատ քիչ է.

«Դրա համար քաղաքական նախադրյալներ են պետք: Այս դեպքում, կոնկրետ, գործնականում Թուրքիայի ներգրավումը նման պատերազմի կնշանակի իրենց կոնֆլիկտը Ռուսաստանի հետ: Ադրբեջանական կողմին էլ, այս պահին, դեռ շահավետ է Արցախի սահմանի ակտիվությունը, քանի որ հայկական անմիջական տարածքում գործողությունները քաղաքական խնդիր կառաջացնեն»:

Ըստ Հարությունովի՝ վտանգ կա այն իմաստով, որ այս երկրները գործնականում իրենց դիրքավորում են որպես Հայաստանի հակառակորդ, նաև թշնամի՝ ռազմական ոլորտում.«Այդ տեսանկյունից իրենց ակտիվության գործակիցը միշտ էլ վտանգ է ներկայացրել Հայաստանի համար: Սա որոշակի տենդենցի շարունակություն է. բավականին երկար ժամանակ է՝ ակտիվանում ու խորանում է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունը: Ադրբեջանը իր ռազմական զարգացման ուղղություններից մեկը ընկալում է նաև Թուրքիայի հետ փոխգործակցությունը, իրենք փորձում են մաքսիմալ համագործակցել՝ թե զորավարժությունների ֆորմատում, թե զինված ուժերի հետը: Երկրորդ՝ նման զորավարժությունները երկար ժամանակ են նախապատրաստվում, բայց որոշակի համատեքստում դրանք կարող են որպես ճնշման գործոն լինել Հայաստանի վրա՝ ընդհանուր Արցախի համատեքստում: Երրորդ՝ ճնշման որոշակի գործոն կա նաև՝ Թուրքիայի կողմից ուղղված Ռուսաստանին: Թուրքիայի ակտիվությունը հաճախ համընկնում է Մերձավոր Արևելքում եղած հակասությունների հետ: Սա Թուրքիայի կողմից մեսիջ է Ռուսաստանին՝ իր ունեցած կարողությունների վերաբերյալ»:

Ռազմագետը ընդգծում է՝ Նախիջևանում վերջին տարիներին գնալով աճում է ակտիվությունը.«Դեռևս 90-ականներից կային լուրեր, որ այնտեղ ռազմական ուժեր կան, հիմա տարբերությունն այն է, որ իրենք չեն թաքցնում դա»: