Դատավորը հորդորեց Բակո Սահակյանն ու Արկադի Ղո...

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդեց, որ դատարանը հնարավոր համարի երաշխավորագիր ներկայացրած Արցախի ներկա ու նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին հանդես գալ ոչ թե դատարանում, այլ տեսակապով, քանի որ գործող նախագահը օրակարգային խիտ աշխատանքային գրաֆիկ ունի, սակայն դատավորը դա հնարավոր չհամարեց և հորդորեց գոնե վաղը ներկայանալ դատարան:

«Անձը պետք է դատարանում ներկա լինի … Կալանքի ժամկետը լրանում է մայիսի 19-ին՝ կիրակի: Շաբաթ ու կիրակի դատական նիստի կազմակերպումը քիչ հավանական է, չեմ բացառում, բայց հնարավոր է՝ այնպես լինի, որ հնարավորություն չլինի պարոն Քոչարյանին դատական նիստին ապահովելու: Կճշտենք: Պետք է հաշվի առնել, որ դատարանը դատական ակտ պետք է կայացնի, որի համար գոնե մեկ օր է պետք: Եթե հնարավոր է՝ տեղյակ պահեք, գոնե վաղը ներկայանան, որովհետև ամսի 17-ը վերջին օրն է, դրանից հետո հաջորդում են ոչ աշխատանքային օրեր»,- ասաց դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Պաշտպան Արամ Օրբելյանը ճշտեց, որ եթե Արցախի ներկա ու նախկին նախագահները կարողանան ներկայանալ ավելի ուշ ժամի՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, հնարավոր կլինի նիստը այդ ժամին անել: Կողմերը չառարկեցին և պաշտպանական խումբը խոստացավ վաղն առավոտյան այդ մասին տեղեկացնել դատարանին: