Դատարանը կեղծել է փաստերը՝ հանուն Ավինյանի և...

Նոր իշխանությունները լրատվամիջոցների դեմ պայքարելու ազատ խոսքը լռեցնելու նախկիններից տարբերվող մարտավարություն են ընտրել։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ դատական հայցեր են ներկայացնում լրատվամիջոցների դեմ և ֆինանսական պահանջ ներկայացնում։ Այս իշխանության օրոք որոշումներ դակողի համբավ ձեռբերած դատարաններն էլ արագ բավարարում են այդ հայցերը։

Politik.am-ի դեմ երկու վճիռ է կայացվել՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Մեսրոպ Պապիկյանի հայցերով։ Երկու հայցերի բավարարման արդյունքում որոշվել է տուգանել մեզ 1 մլն 400 հազար դրամով։ Ավելորդ անգամ չխորանալով դատարանի չհիմնավորված որոշումների մեջ տեղ գտած բազմաթիվ չհիմնավորված պնդումների վրա ծանրանանք նույն Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության  դատարանի երկու տարբեր որոշումներում տեղ գտած նույն հիմնավորման վրա, որը կբացահայտի որոշման հորինված լինելը։

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության  դատարանի երկու տարբեր դատավորներ՝ Գևորգ Բալայանը և Սամվել Մատինյանը՝ Տիգրան Ավինյանի և Մեսրոպ Պապիկյանի բավարարած հայցերի վճռի հիմնավորումներում գրել են, որ Politik.am-ի հրապարակումը հատկապես բացասական ազդեցություն է ունեցել նշված գործիչների վրա, քանի որ հրապարակումները եղել են նախընտրական շրջանում։ Ակնհայտ է, որ հիմնավորման այս հատվածը դատավորները արտագրել են իրարից, որպեսզի ավելի համոզիչ թվա իրենց վճիռը։

Եվ այսպես․

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասին մեր հրապարակումը եղել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ին, իսկ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման մասին պաշտոնապես որոշում է կայացվել միայն 2018 թվականի նոյեմբերի 1-ին՝ նախագահի հրամանագրի հրապարակումից հետո, իսկ նախընտրական քարոզարշավը սկսվել է նոյեմբերի 26-ին։ Այսինքն մեր հրապարակման պահին չի եղել նախընտրական շրջան, ավելին՝ Տիգրան Ավինյանը չի եղել պատգամավորի թեկնածու և մեր հրապարակումը չէր կարող ազդել նրա նախընտրական վարկանիշի վրա։

Մեսրոպ Պապիկյանի հրապարակման դեպքում անգամ երկար մտորելու կարիք չկա հասկանալու համար, որ դատավորը կեղծել է փաստերը, որպեսզի իր վճիռը ավելի ազդեցիկ տեսք ունենա։ Պապիկյանի մասին մեր հրապարակումը եղել է 2019 թվականի հունվարի 17-ին՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի կայացած ԱԺ արտահերթ ընտրություններից 39 օր անց և մեր հրապարակումը չէր կարող ազդել Պապիկյանի հավաքած 3908 ձայնի վրա։

Փոքր, բայց կարևոր այս դրվագը հստակ ցույց է տալիս, որ դատարանը խնդիր է ունեցել մեր դեմ վճիռ կայացնելու և հանուն դրա ազատ շարադրության հիմքով հիմնավորումներ է գրել, առանց խորանալու դրանց իսկության մեջ։ 

Կարող եք կարդալ նաև

Մարիխուանան օգտակար է առողջության համար