Դատախազությունը հերքում է մամուլի հրապարակում...

ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« «hraparak.am» կայքն այսօր «Արթուր Դավթյանը «պահում» է իր սանիկին՝ բոյկոտելով դատարանի որոշումը» վերտառությամբ նյութ է հրապարակել, որտեղ որպես բացարձակ ճշմարտություններ են մատուցվել, ըստ էության, միայն ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վ. Մուրադյանից ստացած սուբյեկտիվ և միակողմանի մեկնաբանությունները: Քանի որ նյութի հեղինակը, ելնելով այդ «ճշմարտությունից», ՀՀ դատախազության կողմից դրանց վերաբերյալ տրված՝ «տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը» կարճ և հստակ ձևակերպումը որակել է որպես «հերթապահ նախադասություն» և եզրակացրել, որ դատախազությունը հրաժարվել է պարզաբանում տալ, ստիպված ենք ավելի առարկայորեն անդրադառնալ դրանց:
Նախ՝ Արսեն Մարտիրոսյանը և Վահագն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով նշանակվել են տարբեր պաշտոնների: Վերջինս անցել է ՀՀ զինդատախազի տեղակալի պարտականությունների կատարմանը: Հետևաբար Վ. Մուրադյանը չէր կարող այլ պաշտոնի գործառույթներից բխող պարտականություններ և դատավարական գործողություններ իրականացնել:
Երկրորդ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամանները վիճարկվել են դատական կարգով, այն բացառապես իրավական հարթությունում գտնվող վեճ է: Ընդ որում՝ Վ. Մուրադյանի հայցը քաղաքացիական դատարանում օրինական ուժի մեջ մտած դատական առաջին ակտով կարճվել է՝ վարչական դատարանին ընդդատյա լինելու հիմքով, իսկ վարչական դատավարության կարգով դեռևս վերջնական դատական ակտով չլուծված հարց է: Դատարանի կողմից կայացված որոշումները, բնականաբար, ենթակա են կատարման ցանկացած դեպքում: Եթե ՀՀ գլխավոր դատախազն իսկապես «բոյկոտեր» դատարանի որոշումը, ինչպես ձևակերպված է հոդվածի վերնագրում, ապա հրապարակմանը նախընթաց շրջանում շուրջ մեկ տարի դատական ակտի պահանջով Վ. Մուրադյանը չէր պաշտոնավարի իր նախկին պաշտոնում, վաղուց ի կատար ածված կլինեին համապատասխան կադրային նշանակումների վերաբերյալ գլխավոր դատախազի՝ դեռ նախորդ տարվա հրամանները:
Երրորդ՝ ուղղակի աբսուրդային են անանուն աղբյուրների հղմամբ արվող պնդումները «Դավթյանի կողմից իր սանիկին այդ պաշտոնում թողնելու» նպատակով, իբր, ՀՀ դատախազությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու մտադրության վերաբերյալ: Նման աննշան առիթները համակարգային նշանակություն ունեցող կառուցվածքային փոփոխությունների պատճառ չեն կարող լինել:
Չորրորդ՝ Արսեն Մարտիրոսյանը չի հանդիսանում ՀՀ գլխավոր դատախազի սանիկը, ինչը նախկինում ՀՀ գլխավոր դատախազն անձամբ հերքելու առիթ ունեցել է: Արսեն Մարտիրոսյանի նշանակումը նոր պաշտոնում պայմանավորված է բացառապես նրա որակական, մասնագիտական հատկանիշներով, ինչի մասին կարող են վկայել իր նախորդ պաշտոնում գրեթե բոլոր պարամետրերով արձանագրած արդյունքները: Դրանց մասին, ի դեպ, պարբերաբար տրվել է տեղեկատվություն, և այդ արդյունքները, ըստ էության, եղել են ինչպես լայն հանրության, այնպես էլ կոնկրետ ՀՀ Լոռու մարզի բնակչության տեսադաշտում: Եվ այդ օրինակով առաջխաղացման հնարավորություններ են ստացել, ստանում և ստանալու հավասարապես բոլոր այն դատախազները, դատախազության աշխատակիցները, որոնք իրենց լավագույնս են դրսևորում աշխատանքային գործունեության ընթացքում՝ անկախ նրանից՝ ում քիմքին է դա հաճելի, ում՝ ոչ»,- գրել է նա: