Դաշնակցության «ապտակը» ցավեցրել է Փաշինյանին

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ  ՀՅԴ-ի հանրահավաքը՝ «Զարգանալու ենք չզիջելով` լրջացեք» կարգախոսով։ Շատերի համար, այդ թվում իշխող ուժի համար, անսպասելիորեն հանրահավաքին մասնակցելու էին եկել ավելի քան 3000 քաղաքացիներ։ Այսպիսի հանրահավաքների համար նման մասնակցության ցուցանիշը բավական բարձր է։ ՀՅԴ ներկայացուցիչները խիստ գնահատականներով հանդես եկան, որոնք ուղեկցվում էին քաղաքացիների ծափահարություններով։ Ակնհայտ էր, որ հանրահավաքին մասնակցող քաղաքացիները դժգոհ են վարչապետ Փաշինյանի կառավարումից։

ՀՅԴ բազմամարդ հանրահավաքը «ապտակ» էր Փաշինյանի իշխանությանը, քանի որ ընդամենը օրեր առաջ վարչապետի կոչով, վարչական ռեսուրսի գործադրմամբ իշխող ուժը դատարանների մուտքեր փակելու կարողացավ հանել միայն 1100  մարդ։ Իշխանական «դռներ փակելու» գործողությունից ընդամենը երեք օր անց Փաշինյանի գնահատմամբ «մերժված» քաղաքական ուժը եռապատիկ ավել քաղաքացիների է դուրս հանում փողոց։

Երեկ ակնհայտ դարձավ, որ ՀՅԴ-ի քաղաքական «ապտակը» ցավեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Դեռ հանրահավաքը չավարտված, Փաշինյանի կնոջ գլխավորած «Հայկական Ժամանակ» օրաթերթը հրապարակում է լուսանկար, որը արվել է հանրահավաքը սկսվելուց առաջ։ Լուսանկարը անմիջապես  համացանցում ծաղրական մեկնաբանությամբ սկսում են տարածել ՔՊ-ական չինովնիկներ, որոնք փորձում են հանրությանը համոզել, որ քաղաքացիները թիվը քիչ է, և պետք է լուրջ չվերաբերվել ՀՅԴ պահանջներին։ Փաշինյանականները մոռանում են, որ մեկ տարի առաջ իրենք չորս-հինգ հոգով են սկսել քաղաքական պայքարը, որը վերջում դարձավ համաժողովրդական պայքար։ 

Փաշինյանի անհանգստությունը այնքան մեծ է, որ նա ակտիվացրել է անգամ իր գրպանային ակտիվիստներին, որոնք մայիսի 25-ին կազմակերպել են հանրահավաք` ի աջակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Սա իհարկե ծիծաղելի է, բայց մեր երկիրն այլևս այպիսի իրականություն ունի՝ վարչախումբը ունենալով իր ձեռքի տակ բոլոր լծակները շարունակում է մնալ փողոցի հույսին։ Նրանք այդպես էլ չհասկացան, որ արդեն մեկ տարի է քաղաքական դաշտում իրենց դիրքավորումը փոխվել է, և արդեն ընդդիմադիր գործիչներ չեն, ու այս հանգամանքը առավել է մոտեցնում նոր իշխանությունների տապալման ժամանակը։

Բորիս Մուրազի