Դասեր՝ Նարեկ Սամսոնյան-Արարատ Միրզոյան «մենամ...

Արդեն մի քանի օր է համացանցահայությունը ակտիվորեն զբաղված է Նարեկ Սամսոնյան-Արարատ Միրզոյան «մենամարտին» հետեւելով։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` տեղեկացնելով, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 290 000 դրամի հաշիվ է փակել երևանյան ռեստորաններից մեկում` խաշի հրավիրելով իր մերձավորներին, կոշտ քննադատության ենթարկելով այդպիսով ՀՀ ԱԺ նախագահին:

Արարատ Միրզոյանն անդրադարձել է այս գրառմանը` նշելով, որ պատրաստվում է դատի տալ Սամսոնյանին և որ վերջինս պետք է պատասխան տա վիրավորանքների և զրպարտության համար, թեեւ Նարեկ Սամսոնյանը վստահ է, որ Արարատ Միրզոյանն իրեն դատի չի տա։

Զերծ մնալով փոխադարձ վիրավորանքներն ու կոշտ քննադատությունները վերաշարադրելուց փորձենք հարցին նայել ավելի ընդգրկուն հայացքով։ Ամիսներ առաջ, երբ բրիտանական թագավորական ընտանիքին պատկանող արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը ամառային արձակուրդ գնալիս, թե արձակուրդից վերադառնալիս օգտվել էին բավական թանկարժեք թռիչքից, բրիտանական հասարակության մեջ մեծ աղմուկ բարձրացավ։

Նախ, օդանավը, որից օգտվել էին Հարրին ու Մեգանը, էկոլոգիապես ավելի վնասատու էր, եւ ապա նրանք կարծես թե չարթերային չվերթից էին օգտվել, ինչը բրիտանացի հարկատուների համար անհասկանալի էր, քանի որ դրանից ոչ շատ առաջ Հարրիի եղբայրը՝ արքայազն Վիլյամն ու Քեյթ Միդլթոնը ճամփորդել էին «էկոնոմ կլասս»-ով։ Մեծ ջանքեր պահանջվեց թագավորական ընտանիքի համար, որպեսզի այս աղմուկը հանդարտեցվի։ Այն ինչի մասին խոսում է Նարեկ Սամսոնյանը, կապ չունի ինչ ոճով կամ ինչ բառապաշարով, լիովին ընկալելի է։

Եթե Արարատ Միրզոյանը չլիներ ՀՀ ԱԺ նախագահը, այլ լիներ օրինակ քաղաքացի Արարատ Միրզոյան որը աշխատում է մասնավոր սեկտորում եւ ստանում թեկուզ 10 մլն ՀՀ դրամ ամսական աշխատավարձ, ապա ոչ ոք ուշադրություն չէր դարձնի նա 290 հազար դրամի հաշիվ է փակել, թե 2 միլիոն դրամի։ Ի վերջո, մարդու փողն է, ու ամեն մարդ ունի իրավունք սեփական միջոցները ըստ սեփական հայեցողության օգտագործելու։

Սակայն, քանի որ Արարատ Միրզոյանը ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարն է, ու վճարվում է հարկատուներից, ապա բնական է, որ հանրային հետաքրքրություն պետք է լինի նրա ծախսած ամեն մեկ դրամի հանդեպ։ Արարատ Միրզոյանն ավելին չէ, քան արքայան Հարրին կամ Եղիսաբեթ 2-րդ թագուհին։

Ճիշտը թերեւս օրենքով հստակ ամրագրելն է, թե պետական բարձրաստիճան պաշտոնյաները մինչեւ ինչ գումարի սահմաններում կարող են իրենց այսպես ասած՝ ներկայացուցչական ծախսեր թույլ տալու, եւ դա թափանցիկ կերպով, հաշվետվողականությամբ հրապարակելն է։ Այս կերպ կլուծվի եւ խնդիրը եւ ապագայում էլ նմանատիպ խնդիրների առաջ կանգնելու հավանականությունը կզրոյանա։ Այլապես միշտ էլ նմանատիպ քննարկումներն ու խոսակցությունները լինելու են։