COVID-19-ի կանխմանը եւ հաղթահարմանն առնչվող գ...

Կարևորելով կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով կատարվող պետական գնումների թափանցիկությունը և հաշվետվողականությունը` 2020թ. ապրիլի սկզբից Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նախաձեռնել է նշված նպատակով իրականացվող գնումների մոնիտորինգ, որի արդյունքների հիման վրա կազմվել է առաջին ամփոփ տեղեկագիրը՝ ներառելով ս.թ. մարտի 12-ից մինչև հունիսի 26-ը իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքները:

«Ամփոփ Տեղեկագիր 1 

COVID-19-ի համավարակի կանխմանը եւ հաղթահարմանն 

առնչվող գնումների մոնիտորինգ 

Հաշվի առնելով աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը` ՀՀ կառավարության N 298-Ն որոշմամբ ՀՀ ողջ տարածքում 2020թ. մարտի 16-ին մտցվեց արտակարգ դրություն: Այն մի քանի անգամ երկարացվեց (վերջին անգամ` ս.թ. հունիսի 12-ին եւ կգործի մինչեւ ս.թ. հուլիսի 13-ը) եւ ներկայումս շարունակում է գործել: 

Կարեւորելով համավարակի կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների իրականացման նպատակով կատարվող պետական գնումների թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը` 2020թ. ապրիլի սկզբին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) որոշեց սկսել նշված նպատակով իրականացված գնումների մասնակի մոնիտորինգ: Սույն Տեղեկագիրը ներառում է 2020թ. մարտի 12-ից մինչեւ հունիսի 26—ն իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքները:

Մոնիտորինգի առարկա են հանդիսանում մինչեւ արտակարգ դրության ավարտը մեկ անձից գնման եւ հրատապ մեկ անձից գնման ընթացակարգերով2 ՀՀ հանրային մարմինների եւ կազմակերպությունների կողմից իրականացված եւ իրականացվելիք այն գնումները, որոնցով այդ մարմինները եւ կազմակերպությունները ձեռք են բերել կամ բերելու են COVID-19-ի համավարակի կանխմանը եւ հաղթահարմանն ուղղակիորեն նպաստող նյութեր, դեղամիջոցներ, իրեր կամ սարքավորումներ: Տեղեկատվությունը հավաքագրված է էլեկտրոնային գնումների www.armeps.am/ppcm կայքից: Հարկ ենք համարում նշել, որ, դժբախտաբար, Հայաստանը չի գտնվում այն երկրների (տարածաշրջանի երկրներից, օրինակ, Մոլդովա, Ուկրաինա, Ղազախստան, Ղրղզստան) շարքում, որտեղ պետական մարմինները պրոակտիվ կերպով հանրությանը ներկայացնում են COVID-19-ին առնչվող տեղեկատվությունը: 

Բացի գնումներին առնչվող տեղեկատվությունից, ԹԻՀԿ-ը նաեւ հավաքագրել է տեղեկատվություն ֆինանսական այն միջոցների վերաբերյալ, որոնք գոյացել էին ՀՀ 2020թ. 

1 Եթե արտակարգ դրության ռեժիմը վերացվի հուլիսի 13-ին ԹԻՀԿ-ն նախատեսում է, որ Տեղեկագրի հաջորդ թողարկումը կընդգրկի ս.թ. հունիսի 29-ից մինչեւ հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված մեկ անձից եւ մեկ անձից հրատապ գնումների մոնիտորինգի արդյունքները: Եթե արտակարգ դրության ռեժիմը երկարացվի եւս 30 օրով (այսինքն՝ մինչեւ օգոստոսի 12-ը), ապա հաջորդ թողարկումը կներառի հունիսի 29-ից մինչեւ օգոստոսի 12-ն ընկած ժամանակահատվածը: Տեղեկագրի վերջին եւ ամփոփիչ թողարկումը կլինի արտակարգ դրության վերացումից հետո: 2 Միայն նշված ընթացակարգերով իրականացված եւ իրականացվելիք գնումները որպես մոնիտորինգի առարկա ընտրելը հիմնված է այն շատ հավանական ենթադրության վրա, որ համավարակի պայմաններում այն հաղթահարելուն ուղղված ձեռքբերումներն իրականացվում են հենց այդ ընթացակարգերով եւ այլ ընթացակարգերի կիրառումն այս պայմաններում շատ սահմանափակ է եւ շատ քիչ ծավալներ է կազմում: 

պետական բյուջեում ՀՀ կառավարության որոշումներով3 իրականացված վերաբաշխումների 

արդյունքում: ԹԻՀԿ-ը պլանավորել էր նաեւ հավաքագրել տեղեկատվություն COVID-19-ի 

կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների իրականացմանն օժանդակելու նպատակով 2020 թ. մարտի 17-ին ՀՀ գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման եւ հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» թիվ 900005001947 հաշվեհամարի մուտքերի եւ ելքերի վերաբերյալ: Սակայն, սույն Տեղեկագրում վերը նշված հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է, քանի որ, ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարությանն ուղղված ԹԻՀԿ-ի հարցմանը` տրամադրելու այդ հաշվեհամարի քաղվածքը` արտացոլելով նրա բոլոր մուտքերը եւ ելքերը (քանի որ հենց այդ նախարարությունն է հանդիսանում հաշվեհամարի պատասխանատու մարմինը), նախարարությունն իր պատասխան նամակում հայտնել է, որ պահանջվող լիարժեք տեղեկատվությունն կտրամադրի միայն «իրավիճակի կարգավորումից եւ տվյալների ամփոփումից հետո» (տե՛ս Տեղեկագրին կցված նախարարության պատասխան նամակը): Հարկ է նաեւ նշել, որ առողջապահության նախարարության կողմից մեկ անձից եւ հրատապ մեկ անձից ընթացակարգերով իրականացված գնումների մասին տեղեկատվությունը բացակայում է նաեւ www.armeps.am/ppcm կայքում: 

Աղյուսակ 1-ում Excel ձեւաչափով ներկայացված են մոնիտորինգի արդյունքում հավաքագրված տվյալները մեկ անձից եւ հրատապ մեկ անձից ընթացակարգերով իրականացված այն գնումների վերաբերյալ, որոնք իրականացվել էին 2020թ. մարտի 12-ից մինչեւ հունիսի 26-ը եւ առնչվում են COVID-19-ի համավարակի կանխմանը եւ հաղթահարմանն ուղղակիորեն նպաստող նյութերի, դեղամիջոցների, իրերի կամ սարքավորումների ձեռքբերմանը: Տվյալները վերցված են www.armeps.am/ppcm կայքից` կայքի https://armeps.am/ppcm/public/contracts էջում համապատասխան դաշտերում անհրաժեշտ տվյալներ ներմուծելու միջոցով: Դրանք խմբավորված են ըստ պատվիրատուների,4 մատակարարների5 եւ գործարքի գների` յուրաքանչյուրի համար հատկացված Excel ձեւաչափի մեկ թերթում: Ֆայլի վերջին թերթում աղյուսակի եւ գծապատկերների տեսքերով ներկայացված են գնումների ծավալները՝ ըստ գնումն իրականացրած յուրաքանչյուր պետական մարմնի (վերցված են միայն պետական մարմինների տվյալները` առանձին մեկ անձից եւ հրատապ մեկ անձից գնումների համար): Ինչպես երեւում է Աղյուսակից, հրատապ մեկ անձից գնումների ծավալի (3,428,767,000.3 դրամ) 99%-ը (առանց առողջապահության նախարարության տվյալների, որոնք, ինչպես արդեն նշվել էր, բացակայում են) իրականացվել է երկու պետական մարմինների կողմից, ընդ որում համարյա հավասար ծավալներով, համապատասխանաբար, ՀՀ վարչապետի աշխատակազմի (1,721,693,000 կողմից) եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության (1,678,344,000.2 կողմից): Ընդ որում, ՀՀ վարչապետի աշխատակազմի հրատապ մեկ անձից գնումների ավելի քան 97%-ը (1,678,168,603 դրամ) գնումներ են Չինաստանի Ժողովրդական 

3 Դիտարկվել են կառավարության միայն այն որոշումները, որոնցով իրականացված վերաբաշխումների պաշտոնական նպատակը հանդիսացել է COVID-19-ի համավարակի կանխմանը եւ հաղթահարմանն ուղղակիորեն նպաստող նյութերի, դեղամիջոցների, իրերի կամ սարքավորումների ձեռքբերումը: 4 Եթե տվյալ պատվիրատուն կատարել է մեկից ավելի գնում, ապա նշվում է նաեւ բոլոր գնումների ընդհանուր գումարը: 5 https://armeps.am/ppcm/public/contracts էջում օգտագործվում է «ընտրված մասնակից» եզրույթը: 

Հանրապետության ընկերություններից: Ինչ վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ապա վերջինիս կողմից իրականացված հրատապ մեկ անձից գնումների ողջ ծավալը հյուրանոցային եւ սննդի մատակարարման ծառայություններն են, եւ, ամենայն հավանականությամբ խոսքը գնում է վարակակիր անձանց հետ շփված անձանց մեկուսացումն ապահովելու ծառայությունների մասին: Աղյուսակից երեւում է նաեւ, որ մեկ անձից (ոչ հրատապ) գնումների ծավալով առաջատարներն են ՀՀ ոստիկանությունը (83, 874,400 դրամ, կամ ողջ ծավալի 50.8%-ը), ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (31, 876,200 դրամ, կամ ողջ ծավալի 19.3%-ը) եւ ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունը (9, 939,600 դրամ, կամ ողջ ծավալի 6%-ը) 

Աղյուսակ 2-ում նորից Excel ձեւաչափով ներկայացված են (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման եւ այլ համալիր միջոցառումների շրջանակներում գնումների իրականացման նպատակով ՀՀ կառավարության որոշումներով 2020թ. պետական բյուջեում իրականացված վերաբաշխումները` ժամանակագրական հերթականությամբ: Ֆայլի երկրորդ թերթում աղյուսակի եւ գծապատկերի տեսքով ներկայացված են վերաբաշխված գումարներն ըստ պետական մարմինների: Աղյուսակից երեւում է, որ 2020թ. պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում առավել շատ գումարներ ստացել են ՀՀ առողջապահության նախարարությունը (մոտ 7,431,697,000 դրամ կամ ողջ վերաբաշխված գումարի 60%-ը), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (մոտ 2,956,431,000 դրամ կամ ողջ վերաբաշխված գումարի 24%-ը) եւ ՀՀ վարչապետի աշխատակազմը (մոտ 2,016,060,000 դրամ կամ ողջ վերաբաշխված գումարի 16%-ը): Այս երեք պետական մարմիններին ընկնում է ողջ վերաբաշխված գումարի ավելի քան 99.8%-ը: Հետաքրքիր է նաեւ նշել, որ ՀՀ կառավարությունն իր որոշումներով թույլատրել է առողջապահության նախարարությանը վերաբաշխված գումարների զգալի մասը՝ 7,431,697,000 դրամից մոտ 5,534,197,000 դրամը ծախսել բանկային վճարային քարտի միջոցով: 

Տվյալների վերջնական վերլուծությունը նախատեսվում է իրականացնել արտակարգ դրության վերացումից հետո»: 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն