2008թ. մարտի 1-ը չի կարող կրկնվել

2008թ. մարտի մեկը չի կարող կրկնվել, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ Քայլը» շարժման ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով «անդառնալի կորուստներից» խուսափելու համար երկխոսության գնալու վարչապետ Սերժ Սարգսյանի կոչին:

«Մարտի 1-ը չի կարող կրկնվել, որովհետև ի տարբերություն մարտի 1-ի, այսօր ողջ հայությունը, ողջ հայությունը` ես պատասխանատու եմ ասում, աջակցում է մեր շարժմանը», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իշխանության անարյուն փոխանցման համար նա կոչ արեց Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին և առհասարակ Հայաստանի ու սփյուռքի մտավորականներին միավորվել ու լինել Հայաստանում:

«Ես չեմ հավատում, որ ՀՀ-ում կա ոստիկան, կա զինվորական, որ պատրաստ է մեր վրա կրակել: Ես չեմ կարող դրան հավատալ: Մեր հայ ազգի ցանկացած կրակոց պետք է ուղղված լինի շփման գծից այնկողմ` դա էլ անհրաժեշտության դեպքում», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հորդորեց իրավիճակը չհամեմատել 2008թ.-ի, 2003թ.-ի, 1996թ.-ի կամ այլ տարիներին եղած բողոքի ցույցերի հետ:

«Մի պարզ բան` այս բոլոր ասած իրավիճակներում կային նախագահի թեկնածուներ, որոնց հանրության մի մասը սիրում էր, մյուս մասը չէր սիրում, այսօր ամեն քաղաքացին պայքարում է ինքն իր, իր ընտանիքի իրավունքների ու ազատության համար: Միթե այս տարբերությունը հստա՞կ չէ», — ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց` իր հետ երկխոսության հարցով որևէ մեկը չի կապվել:

«Որևէ կոնտակտ չի եղել: Ես կարծում եմ, որ ես շփման համար փակ չեմ, ըստ էության, իմ հետ կապվելու որևէ դժվարություն չկա, բայց ես ասում եմ` քննարկման թեման կարող է լինել միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները: Ընդ որում, այդ պայմանները պետք է ընդունելի լինեն ոչ թե ինձ համար, այլ ժողովրդի համար», — ասաց Փաշինյանը:

Նա դիմեց ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` խնդրելով Սերժ Սարգսյանին ներկայացնել ՀՀ-ում ստեղծված իրական պատկերը:

«Լրիվ անկեղծ և եղբայրաբար կոչ եմ անում Սերժ Սարգսյանին զեկուցել իրավիճակն իր բոլոր մանրամասներով և բացատրել, որ նրա համառության ամեն օրը, ամեն ժամը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը», — ասաց նա:

Այս թեմայով