Չի բացառվում, որ Փաշինյանը կեղծում է իր կորոն...

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ ընտանյոք հանդերձ վարակվել է կորոնավիրուսով։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ նա ներկայացրեց, որ պլաններ է ունեցել առաջնագիծ գնալու, թեստավորվել է, ու պարզվել է, որ վարակակիր է։ Հետո թեստավորվել են ընտանիքի բոլոր անդամները եւ պարզվել է, որ բոլորի մոտ էլ դրական արդյունքով են եղել թեստերի պատասխանները, այսինքն, բոլորն էլ վարակակիրներ են։

Այսինքն, եթե հանկարծ Փաշինյանը մտադիր չլիներ գնալու առաջնագիծ, ապա չէր թեստավորվի եւ այդ մասին չէր իմանա ու այդպես վարակակիր կարգավիճակում կշարունակեր բնականոն կյանքով ապրել, ու վարակել աջ ու ձախ՝ կառավարության անդամներին, աշխատակազմի աշխատակիցներին տան աշխատողներին եւ այլն։

Իր իսկ ասած՝ քաղաքացիական պատասխանատվության փայլուն մաստեր կլասս, ու ինչպես ժողովուրդը կասեր, ում էին մի բրդուճ հաց ու պանիր տվել, որ որոշեց գնալ առաջնագիծ ու կանխարգելիչ թեստավորում անցավ։

Իսկ եթե ավելի լուրջ։ Փաշինյանը մեկ տարի 11 ամիս անցկացրել է բանտում, եւ որեւէ մեկը, ով բանտով անցնում է, ապա գրեթե անհնար է, որ առողջ թոքերով դուրս գա ազատություն։ Այլ կերպ ասած, ենթադրելի է, որ Փաշինյանը որոշակի խնդիրներ պետք է ունենա թոքերի կամ շնչուղիների հետ կապված։ Բանտային պայմանները, այն էլ այն ժամանակ, երբ Փաշինյանն է այնտեղ անցկացրել 1 տարի 11 ամիս, հաստատ Ֆրանսիայի Լազուրե ափի կամ շվեյցարական Լագունայի պանսիոնատների պայմանները չեն եղել․ խոնավություն, լույսի պակաս, ոչ նորմալ սնունդ եւ այլն։

Այն որ վարչապետ Փաշինյանը թոքերի հետ կապված խնդիրներ ունի ակնհայտ է դեռևս 2018 թվականի իարդարձություններից։ Հիշեցնենք, որ փողոցային պայքարի հետևանքով Փաշինյանի մոտ լուրջ առողջական խնդիրներ էին ի հայտ եկել և երկար ժամանակ շատերի քննարկման թեման էր նրա հազը, որն առողջական խնդիրների հետևանք էր։

Եթե իրոք վարչապետ Փաշինյանը վարակված է կորոնավիրուսով, ապա լիովին հավանական է, որ նրա մոտ կորոնավիրուսային ինֆեկցիան պետք է ընթանա բարդություններով, որպես խոցելի թոքային եւ շնչուղիների համակարգ ունեցող մարդու։ Այսինքն, պետք է լինի թոքաբորբ, հնարավոր է միակողմանի կամ երկկողմանի, ինչը սովորաբար լինում է նման դեպքերում, երբ մարդը խոցելի խմբի ներկայացուցիչ է եւ վարակվում է կորոնավիրուսով, ու քիչ է հավանական, որ ուժ ունենա մի հատ էլ ուղիղ եթեր մտնի ու հայտարարություն անի։

Եվ հաշվի առնելով այն, որ Փաշինյանը մեկ անգամ չէ հանուն քարոզչության իմիտացիոն իրավիճակներ ստեղխել, ապա չի  բացառվում, որ հերթական քարոզչական տրյուկի կամ կեղծ ինֆորմացիայի հետ գործ ունենք։

Հակակորոնավիրուսային պայքարը տապալած իշխանությունը եւ անձամբ Փաշինյանը դարձել է համընդհանուր քննադատության թիրախ եւ չի բացառվում, որ քննադատության ալիքը մեղմացնելու համար հայտարարի, որ ինքն էլ է վարակվել, որպեսզի այնպիսի տպավորություն ստեղծի, որ վիրուսը նույնիսկ իրեն չի խնայել եւ ժողովրդի հետ ինքն ու իր ընտանիքի անդամներն էլ են կիսում այդ նույն դժվարությունները։