Չենք ասում, ՀՀ քաղաքացիների պատվերով երգեք ու...

Երբ բարձրաստիճան պաշտոնատար անձը իր գործունեության, կրկնում եմ իր գործունեության վերաբերյալ հրապարակային քննադատությանը կամ քննադատական կամ գնահատողական խոսքին արձագանքելու փոխարեն սկսում է որակումներ տալ պատասխանի փոխարեն այդ քննադատական խոսքը կամ գնահատողական խոսքը հնչեցնողին, համարելով որպես պատվերի կատարում, ապա ակամա զարմանում ես:

Բայց բացի զարմանալուց նաև արձագանքեմ:

Լոռվա բարբառով ասած, «հեր օրհնած», առաջին հերթին Դուք ի պաշտոնե պարտավոր եք կատարել ՀՀ քաղաքացիների՝ որպես հարկատուների պատվերը Ձեր պաշտոնեական լիազորությունների կատարմամբ:

Չենք ասում, ՀՀ քաղաքացիների պատվերով երգեք ու պարեք, կամ գլուխկոնծի տվեք: Չէ, ՀՀ քաղաքացիները պատվեր են տվել, որպեսզի բարեխիղճ, հաշվետու և թափանցիկ կատարեք Ձեր պաշտոնեական լիազորությունները, պատվիրել են, որպեսզի Ձեր պաշտոնեական լիազորությունների իրականացումը լինի կանխատեսելի և հասկանալի:

Եթե կասկածում եք, որ հենց առաջին հերթին Դուք եք պատվեր կատարողը, որ ՀՀ քաղաքացիներն են պատվեր տվողը, ապա նորից ուսումնասիրեք կամ կարդացեք, թե ինչպիսին պետք է լինի պաշտոնատար անձի վարքագիծը ժողովրդավարական և իրավական պետությունում, և իր բովանդակությամբ ինչպիսին է պաշտոնատար անձի լիազորությունների էությունը ժողովրդավարական և իրավական պետությունում:

Եթե չգտնեք, ասեք, օգնենք, կամ ուղարկենք անհրաժեշտ գրականությունը: Իսկ եթե գտնում եք, որ չկա նման բան, ապա կամ ըստ Ձեզ մենք չենք ապրում ժողովրդավարական և իրավական պահանջներին ձգտող պետությունում, կամ էլ Դուք չեք համապատասխանում Ձեր պատկերացումներով նման պետության պահանջներին:

Հա, ի դեպ, պաշտոնատար անձի լիազորությունները ներառում են նաև ՀՀ քաղաքացիների քննադատություններին կամ գնահատականներին պատասխանելը, ոչ թե դրանց գնահատելը Ձեր կողմից: Դրա համար ենք աշխատավարձ ու պարգևատրումներ վճարում մեր հարկերից, որոնց հավագրմամբ զբաղվում է Ձեր ղեկավարած պետական մարմինը:

Չգիտեմ, գուցե այդ քաղաքացիների կողմից հարկեր վճարելու պարտավորությունից ենթադրել եք, թե քաղաքացիներն ընդհանրապես պարտավոր են Ձեզ քնքուշ կամ նուրբ վերաբերվել որպես գլխավոր հարկահավաքի:

Եթե նման միտում կամ մտածողություն կա, ապա, պետք է հիասթափեցնեմ, ուղղակի չկա և չի կարող լինել նման բան, քաղաքացիները պաշտոնատար անձանց քնքշացնողներն ու նրբացնողներն են, և ոչ թե հակառակը:

Ավելին, քաղաքացու կողմից հարկային պարտավորությունների չկատարելը կամ թերի կատարումն անգամ չի կարող Ձեզ ազատել կատարելու նրանց պատվերը՝ պատշաճ պատասխանելու նրանց կողմից հնչեցված քննադատություններին կամ գնահատականներին: Սրանում է նաև Ձեր պարտավորությունը որպես ՀՀ քաղաքացիների կողմից տրված պատվեր:

Նաև, պաշտոնատար անձի գործունեությունը, աշխատանքը գնահատվում է ոչ միայն մասնագիտական ունակություններով, և գուցե ոչ այնքան մասնագիտական ունակություններով/ դրանց տիրապետման համար են գործում աշխատակազմում ընդգրկված աշխատող մասնագետները/, այլ հենց պաշտոնատար անձի վարքագծով, բարեվարքությամբ:

Եթե այդքան նեղացկոտ եք, կամ բարկացկոտ եք, ապա երևի պետք է մտածել ավելի հանգիստ աշխատանք փնտրել, որտեղ ստիպված չլինեք հրապարակային պատասխանել քննադատություններին և գնահատականներին:

Ի վերջո, Ձեր գործունեություն քննադատողներին կամ գնահատողական խոսքեր հնչեցնողների նկատմամբ «պատվեր» հասկացությունը վիրավորական ենթատեքստով կիրառելուց առաջ փորձեք նախ հասկանալ, որտեղ եք գտնվում, ինչ եք անում, ինչու եք անում, և այդքանից հետո նոր որոշեք, կարող եք կիրառել նման տերմինը, թե ոչ:

Գրում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում