Ճահիճն ենք փորփրում, արդյունքում խրվելու ենք....

«Անզեն աչքով երևում է, թե ինչ է կատարվում տնտեսության հետ: Կան շատ մտահոգություններ: Տնտեսական քաղաքականության ծրագրի ուրվագիծն իմ կարծիքով, չի երևում»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կարեն Ադոնցը՝ խոսելով անցած տարվա ապրիլյան գործողություններից հետո տիրող հայաստանյան տնտեսական իրավիճակին:

Ադոնցի խոսքով՝ հասարակության բաժանումը տնտեսության վրա հետագայում բացասական կերպով է անդրադառնալու.«Դրա համար հիմա շատ դժվար է կանխատեսել, թե հետո ինչ կլինի: Բայց այն, որ տնտեսությունը չի զարգանում տրամաբանորեն, նպատակային ուղղությամբ, ակնհայտ է: Կարևորը այն չէ՝ կքննադատենք կառավարությանը, թե ոչ: Սա ընդհանուր խնդիր է: Քաղաքական գործընթացներից հետո՝ հեղափոխություն ասենք, թե իշխանափոխություն, էական չէ, Հայաստանը գնում է ամենավտանգավոր ճանապարհով: Ճահիճն ենք փորփրում, արդյունքում խրվելու ենք»:

Տնտեսագտետը կարծում է, որ տնտեսության զարգացման համար պետք է նոր ներդրումային հոսանքներ լինեն ներդրումային, երկիրը շարժվի առաջ, ինչը չկա: 

Մեր հարցին, թե մեկ տարին բավարա՞ր էր այդ զարգացումը սկսելու կամ հիմքերը դնելու համար, տնտեսագետը պատասխանեց.

«Մեկ տարին ոչ միայն բավարար ժամանակ էր, այլև շատ կարևոր ժամանակ էր, որը մենք կորցրինք: Մենք խճճեցինք իրավիճակն ու ավելի բարդացրինք: Մեր տնտեսական հնարավորությունները չուղղորդեցինք, այլ այս ճահճային իրավիճակում շարունակվում են ինչ-որ պրոցեսներ, որոնց արդյունքում զարգացման տրամաբանությունը շատ դժվար է հասկանալ»: 

Կարեն Ադոնցը ընդգծեց՝ տարբեր հարցումների արդյունքում պարզվել է, որ Հայաստնաի բնակչության 70%-ը գտնում է, թե ապրում է բավարար պայմաններում.«Սա էլ վտանգավոր է, որովհետև եթե հասարակությունը համակերպվել է այս հավասարակշռված վիճակին, ցածր կենսամակարդակին, իսկ մեր երկիրն իր զարգացվածության աստիճանով շատ ցածր մակարդակի վրա է, ապա քննադատորեն չի մոտենա իր կենսամակարդակին ու փոփոխության չի ձգտի»: