Ցավով արձանագրում եմ, որ Երևանում ավագանու ըն...

«Ես ցավով արձանագրում եմ, որ Երևանում ավագանու ընտրություններից հետո որևէ էական փոփոխություն չի իրականացվել: Ես կցանկանայի, որ լինեին այդ փոփոխությունները»-Politik.am-ի հետ զրույցում ասում է Երևանի ավագանու 2018 թվականի ընտրություններում «Երևանի հանրություն» դաշինքի առաջին համար, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը:

Հիշելով նախորդ տարվա սեպտեմբերին կայացած նախընտրական քարոզարշավը՝ Թարխանյանն ասում է.«Ամիսներ առաջ մենք հանդես եկանք ծրագրով, որը մշակված թվեր ուներ: Այն մշակված էր 5 տարվա համար: Առաջնային էին կայուն զարգացման սկզբունքները, որոնք ենթադրում էին բազմաթիվ հարցերի լուծումներ՝ սկսած քաղաքի կանաչապատումից մինչև տրանսպորտային համակարգի բարելավում: Այդ ամենը հնարավոր էր սկսել քաղաքապետի ընտրության հենց հաջորդ օրվանից»: 

Ճարտարապետը հիշեցնում է՝ ընտրությունների ժամանակ երևանցիներին ասել են՝ անհրաժեշտ է քաղաքի խնդիրներից հասկացող և մասնագիտական գիտելիքներ ունեցող կառավարման խումբ ընտրել.«Դա քաղաքականություն չէ: Ավաղ, երևանցիներին «Իմ քայլը» դաշինքը դրեց մի խնդրի առջև, որտեղ ոչ թե հարց էր դրված ընտրել կառավարման խումբ, այլ քաղաքական ուժ: Տեղի ունեցավ ոչ թե ընտրություն, այլ հանրաքվե: Կարելի է փաստել՝ այսօր մենք ունենք լեգիտիմ կառավարող մարմին, որը, սակայն, մասնագիտացած չէ իր աշխատանքում: Սա պետք է երևանցիների համար շատ լուրջ մտահոգություն դառնա՝ ինչ էինք ընտրում, ուր գնացինք, և ինչ այսօր ունենք: Եվ այս խնդիրները չեն լուծվելու, օրեցօր ավելի են բարդանալու»:

Թարխանյանը պատմում է, որ իրեն հաճախ են դիմում քաղաքապետարանում աշխատող երիտասարդները՝ հարցնելով, թե ինչպես էր կարողանալու երկար ժամերով աշխատել, երբ իրենք մինչև ուշ գիշեր աշխատում ու դժվարանում են լուրջ արդյունքի հասնել.«Ես էլ պատասխանում եմ, որ գոյություն ունի էֆեկտիվ կառավարման սկզբունք: Քաղաքապետարանի աշխատակիցների քանակի վերանայում պետք է իրականացվեր: Յուրաքանչյուր ոլորտում 5 անձից ավելի մարդ չպետք է աշխատի: Էֆեկտիվ կառավարումը նաև երկար աշխատել չի ենթադրում, այլ գիտելիք և արագ կողմնորոշում: Ամենաարդյունավետը կլիներ ճգնաժամային կառավարման ձևը, ինչի համար գիտելիք ու փորձ է անհրաժեշտ, որը ներկայիս կառավարող մարմինը չունի: Իրենք ժողովրդին վատ չեն վերաբերվում, պարզապես աշխատել չեն կարողանում»,-նշում է Թարխանյանը:

Անդրադանալով Երևանի քաղաքապետի՝ օրերս արած հայտարարությանը, թե Երևանի վերելակների համար տարիների ընթացքում պետք է բնակիչները վճարեն, Անահիտ Թարխանյանը նշում է.«Վերելակներն ու շենքերը քաղաքի պատասխանատվությունն են: Դա հանրային կոլեկտիվ պատասխանատվություն է: Չէ՞ որ բնակիչները վճարում են անշարժ գույքի և կոմունալ վարձերը, որոնք պարտադրում են քաղաքային իշխանությանը վերանորոգել գույքը»: 

Թարխանյանը տեղեկացրեց, որ վաղը գնալու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող կանաչ տարածք՝ լուսանկարելու ծառերը, որոնց 30%-ը, իր խոսքով, չջրվելու պատճառով չորացել է.«Ես սպասում էի, թե պիտի ծաղկեն ծառերը: Չծաղկեցին: Ես հիմա նախապատրաստում եմ շատ մեծ խումբ և գործողություններ: Հերիք եղավ, պետք է վերանայել բոլոր չկատարված ծրագրերը»,-ամփոփում է մեր զրուցակիցը:

Մարիամ Սարգսյան