Ծառուկյանի զրոյացումից հետո Հովիկ Աբրահամյանը նոր «կանալներ» է փնտրում

Ծառուկյանի զրոյացումից հետո Հովիկ Աբրահամյանը նոր «կանալներ» է փնտրում «Վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանին և Արմեն Ավետիսյանին միասին հաճախ կարելի է տեսնել «Գոլդեն Փալաս» հյուրանոցում»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի փետրվարյան ելույթից հետո, որի արդյունքում հայաստանյան քաղաքական կյանքում գրեթե զրոյացվեց ծառուկյանական գործոնը, զգալիորեն նվազեց նաև նրա խնամու՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքական ազդեցությունը Սերժ Սարգսյանի և նրա մերձավոր շրջապատի վրա: Իրավիճակը փոքր-ինչ շտկեց նորացված ԲՀԿ-ին «տիրություն անելու» Աբրահամյանի պատրաստակամությունը, բայց փաստ է, որ ազդեցության վերականգնման մասին խոսք լինել չի կարող:

Եվ այս պայմաններում բնական է, որ վարչապետը պետք է ճիգեր գործադրի իշխող կլանի վրա իր ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ: Այս ճանապարհին Հովիկ Աբրահամյանը փորձեց արհեստական կառույցներ ստեղծելու միջոցով (ինչպիսին, օրինակ, նախկին Վարչապետների ակումբն էր) իր կշիռն ավելացնել: Սակայն այս գաղափարը, ինչպես հայտնի է, շատ կարճատև քարոզչական էֆեկտ ունեցավ:

Դրանից հետո վարչապետը փորձեց հնարավորինս լավացնել իր հարաբերությունները գործարարների և նախկին պաշտոնյաների հետ, որոնք, իր կարծիքով, կարող են որոշակի ազդեցություն ունենալ Սերժ Սարգսյանի վրա: Ասում են՝ վերջին օրերին հերթը հասել է անգամ 2008թ. պաշտոնանկ եղած նախկին գլխավոր մաքսավոր Արմեն Ավետիսյանին: Վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանին և Արմեն Ավետիսյանին միասին հաճախ կարելի է տեսնել «Գոլդեն Փալաս» հյուրանոցում, որտեղ վերջինս համասեփականատեր է: Այս հանդիպումները հարմար են նաեւ նրանով, որ հյուրանոցը գտնվում է վարչապետի տան դիմաց՝ փողոցի մյուս մայթին: Իհարկե, մի փոքր անհասկանալի է, թե ինչ կարող է տալ Հովիկ Աբրահամյանի նման պրագմատիկ պաշտոնյային փաստացի 7 տարի գործազուրկ նախկին պաշտոնյան, ինչքան էլ որ նա հարուստ լինի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 61 անգամ
 


Այս թեմայով