Պրովոկացիան Արայիկ Հարությունյանն է արել․ վար...

Հունիսի 5-ի երեկոյան 168.am լրատվական կայքը իր «Ապրիլյան պատերազմից զորացրված ուսանողներին արգելել են մտնել քննության» վերտառությամբ հոդվածում գրել էր.«Կառավարությունը, մեղմ ասած՝ խաբել է ապրիլյան պատերազմից զորացրված ուսանողներին, բյուջեից փոխհատուցվող ուսվարձերի զեղչերը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) բուհերին չի փոխանցել: Ստեղծված քաոսի պատճառով երեկ բուհերում մեծաթիվ ուսանողների թույլ չեն տվել մտնել քննության»:

Ըստ հոդվածի՝ բուհերում վկայակոչել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի կողմից ներքին կարգով իջեցրած հրամանը:

Երեկ՝ հունիսի 6-ին, կառավարության նիստում Հարությունյանը հերքեց այդ տեղեկատվությունը (առանց շեշտելու՝ ով է հեղինակը): Նա, մասնավորապես, ասաց.«Բայց մենք նույնիսկ  երկրորդ փուլ ենք հայտարարել  ապրիլյան պատերազմի այն մասնակիցների համար, ովքեր չէին հասցրել դիմել, և նրանք ևս ստացել են իրենց զեղչերը։ Չեմ բացառում, որ կարող են մեկ-երկու հոգի լինել, ովքեր չեն հասցրել դիմել, բայց նրանք ևս հնարավորություն ունեն դիմելու: Մենք անընդհատ ընդառաջում ենք, որ դիմեն»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ մարդիկ կան, որ ուզում են երկրում քաոսային իրավիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային վիճակ է, լարված իրավիճակ է, ներքաղաքական անկայունություն է.«Սա նույն շղթայի տարբեր օղակներն են: Սա արդեն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, հիբրիդային պատերազմ Հայաստանի Հանրապետության դեմ։ Եվ այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է: Այսինքն լավ հասկացանք՝ մեկ, երկու, երեք, չորս: Այսինքն, այս գրող ավազակները պետք է իրենց այս երկրում լավ զգա՞ն: Դրանք պետք է մայթերի տակով մասկիրովկայով քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է, և լրջորեն զբաղվեք դրանով»:

Politik.am-ը հարցի շուրջ մեկնաբանություն խնդրեց 168.am-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից, ով միայն ասա, որ հոգդվածի հեղինակ լրագրողը կհրապարակի սրա պատասխանը: 

Երեկ ավելի ուշ հոդվածի հեղինակ Սյուզի Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էսօր մի բան հասկացա՝ էս ապրիլյանի զորացրված զինվորների թեմայի մեջ մեկ վարչապետը քցված դուրս եկավ, մեկ էլ ես... բայց ես գոնե ճիշտը գիտեմ, այ իրա մասով , ցավում եմ, որ մնաց նույն ապատեղեկացված վիճակում.. իմ իմանալ-չիմանալը շատ բան չէր փոխի էս երկրում, բայց երկրի ղեկավարին տենց քցելը, շարունակաբար քցելը մի օր իշխանության կորստի կհասցնի.. 
Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրում էր, թե իրավիճանին չես տիրապետում, քեզ ճիշտը չեն զեկուցում, պարոն նախագահ... սպասեք հաջորդ նյութիս»:

Politik.am-ի գետ զրույցում «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը նշեց, որ եթե հրապարակման մեջ կա անճշտություն, կամ լուրը կեղծ է, ինչ-որ մեկին վիրավորել կամ զրպարտել է, կա հստակ պրոցես՝ դիմել համապատասխան իրավապահ մարմիններին.«Այս հարցի ճիշտն ու սխալը, կառավարությունում չէ, որ պետք է որոշվի»:

Ըստ Ենոքյանի՝ հետաքրքիր է, որ պրովոկացիան, փաստորեն, Արայիկ Հարությունյանն է արել՝ ստիպելով, որ Նիկոլ Փաշինյանը դրա վերաբերյալ արձագանք տա.«Եվ, բնականաբար, Նիկոլ Փաշինյանը չէր ասելու՝ թող դատական պրոցես սկսվի, որովհետև ինքը մերժում է դատական պրոցեսները: Նա ունի մի գործիք՝ ԱԱԾ-ն, որին էլ առաջարկում է դիմել»: