«Բրեքսիտը» եւ Երեւանը․ արդյոք պատրաստ է Հայաս...

Աննա Հակոբյանի տարեդարձի ընտանեկան տոնախմբության մասին Հանրապետության գործող վարչապետի ուղիղ եթերի հիացքի եւ ներքաղաքական օրակարգ կոչված «մանկամսուրի» ալիքի տակ, կրկին բաց թողեցինք բավական կարեւոր մի իրողություն, որը տեղի ունեցավ աշխարհում։ Խոսքը «Բրեքսիտի» մասին է։ Ընթերցողները թերեւս կունենան իրավունք հակադարձելու, թե «Բրեքսիստը» ծերուկ Եվրոպայի խնդիրն է, եւ Հարավային Կովկասին եւ առավել եւս՝ փոքրիկ Հայաստանին կարող է չառնչվել։

Սա ընդամենն առաջին հայացքից, քանի որ իրականում «Բրեքսիտը» նոր աշխարհակարգի մի մասիկն է, եւ արդեն շատ փորձագետներ նախանշում են, թե աշխարհաքաղաքականությունն առաջիկա տասնամյակներին ինչ ռելսերի վրա է լինելու։ Հայաստանը, բնականաբար, կտրված չէ աշխարհից եւ որքան էլ աննշան լինի մեր նշանակությունը Մեծ քաղաքականության մեջ, այնուհանդերձ, չի կարելի պարզապես մեկուսանալ եւ ապրել միայն ներհայաստանյան իրողություններով, հատկապես, որ իրականում «Բրեքսիտը» Հայաստանին կարող է առնչվել։

Նախ, նշենք, որ «Բրեքսիտը» Միացյալ Թագավորությանը հնարավորություն է տալիս ինքնուրույն քաղաքականություն վարել արտաքին առեւտրա-տնտեսական հարաբերություններում, կնքել գործարքներ ինքնուրույն կերպով։ «Բրեքսիտը» բնականաբար զուտ ներբրիտանական մակարդակում անցնցում չի անցնի։ Արդեն իսկ նկատելի է, որ Շոտլանդիան եւ Հյուսիսային Իռլանդիան այս առիթը կօգտագործեն, եթե ոչ Լոնդոնից պոկվելու, ապա գոնե սեփական ինքնավարությունը ընդլայնելու համար։ «Բրեքսիտը» նաեւ շուկայի կորուստ է բրիտանական տնտեսության համար։ Իսկ այդ կորուստը, որքան էլ հայտարարվի, որ անցումային փուլի բանակցություններ են ընթանալու Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ հարաբերությունները եւ հատկապես առեւտրա-տնտեսական հարաբերությունները կարգավորելու համար, միեւնույնն է, ազդելու է բրիտանացիների բարեկեցության վրա, բրիտանական տնտեսության վրա առհասարակ։

Սա նշանակում է, որ Ջոնսոնի կառավարությունը, բացի ներբրիտանական խնդիրներ լուծելուց նաեւ պետք է փորձի գտնել նոր շուկաներ բրիտանական պրոդուկցիան իրացնելու համար։ Որպես այդպիսին ամենից հարմար շուկաների թվում մասնագետները արդեն մատնանշում են եվրասիական շուկան։ Այս մասով Մոսկվան բավական հետաքրքրված է, եւ կարծես թե առաջարկելիք ունի իր քեյսում, որքան էլ, որ ռուս-բրիտանական հարաբերությունները իրենց լավագույն ժամանակները չապրեն։ Լոնդոնում Մոսկվայի նոր դեսպան Անդրեյ Կելինը բավական ուշագրավ գրառում է կատարել, անդրադառնալով ռուս-բրիտանական հարաբերություններին, որը կարելի է այս առումով առաջին լուրջ մեսիջը համարել։ Դեսպանը նկատել է, որ իրականում ռուս-բրիտանական հարաբերություններում առհասարակ նկատելի կամ լուրջ խնդիրներ չկան։

Հիշեցնենք, որ Լոնդոնը բավական հետաքրքրություն էր ցուցաբերել ՄԱԿ ԱԽ մշտական անդամներով գագաթնաժողով հրավիրելու Պուտինի հնչեցրած առաջարկին, որը շատ վերլուծաբաններ արդեն հասցրել են անվանել «Յալթա 2»։ Չի կարելի բացառել, որ առաջիկայում որոշակիորեն Լոնդոնը կսկսի հետաքրքրվել եվրասիական տարածքով։ Սա բավական ինտրիգային իրավիճակ կարող է ստեղծել հենց Երեւանի համար, քանի որ Հայաստանի դեպքում պետք է հաշվի առնել, որ Լոնդոնն արդեն բավականին լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, եւ այստեղ աշխատում է նաեւ իր տրանսազգային կորպորացիաներից BP-ի միջոցով։

Հիշեցնենք, բոլորովին վերջերս Դավոսում տեղի ունեցած գլոբալ տնտեսական ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահը, ով խոսում էր եվրասիական տարածքի մասին, հանդիպում է ունեցել BP-ի ղեկավար Ռոբերտ Դադլիի հետ եւ քննարկվել են նավթագազային ոլորտի հետ կապված հարցեր։ Եվրասիական տարածքի հանդեպ հետաքրքրությունն այսպիսով, որը կարող է ցուցաբերել Լոնդոնը, կոնկրետ Երեւանի դեպքում կարող է խաչվել Լոնդոն-Բաքու բազմաշերտ հարաբերությունների հետ։

Ժամանակին BP-ն արդեն դերակատարություն ունեցել է Ղարաբաղյան հակամարտության հետ կապված պրոցեսներում եւ ամենեւին չպետք է զարմանալ, որ այժմ էլ Լոնդոնը կրկին այս ուղղությամբ ակտիվություն ցուցաբերի։ Այս ամբողջի հանրագումարում բավական ուշագրավ են հնչում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը, թե Ղարաբաղի հարցով գարնանը որոշակի առաջընթաց սպասելի է։