Բողոք է ներկայացվել ՀՀ կառավարության դեմ

Մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից  բողոք է ներկայացվել «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին կոնվենցիայի (Բեռնի կոնվենցիա) քարտուղարություն՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ: 

Ըստ նրանց՝ ՀՀ կառավարությունը վտանգել է յուրահատուկ կենսաբազմազնության պահպանության  համար նախատեսված բնության երեք տարածք` առաջ մղելով 426 միլիոն ԱՄՆ դոլլար արժողությամբ Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված պլանները:

Բողոքում ներկայացված է, թե ինչպես է ՀՀ կառավարությունն անտեսել Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում առկա ապացույցները, որոնք մատնանշում էին Էմերալդ բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող թեկնածու երեք տարածքների (ԲՀՀՏ)՝ Ջերմուկի, Գորհայքի և Սևանա լճի բուսական և կենդանական աշխարհների վրա զգալի ազդեցությունները: Էմերալդ ԲՀՀՏ-ն մի կարգավիճակ է, որը շնորհվում է Բեռնի կոնվենցիայի կողմից բնության կարևոր նշանակություն ունեցող տարածքներին:

Ամուլսարի հանքի շինարարությունը մեկնարկել է 2016թ., բայց 2018թ. հունիսից ի վեր շինարարությունը կանգնեցվել է տեղի բնակիչների կողմից հանք տանող ճանապարհները փակելու միջոցով:

Նախագիծը 2009թ. ստացել է 5.8 միլիոն և 2016թ.՝ 10.5 միլիոն կանադական դոլլարի ներդրում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության փուլը 70%-ով ավարտվել է: Նախագծով նախատեսվում է մետաղական հանքաքարի արդյունահանում բացհանքերից և ցիանիդի միջոցով ոսկու կորզում կույտային տարրալվացման հարթակում: Նախագիծն արդեն վնասել է Էմերալդի թեկնածու ԲՀՀՏ-ները՝ աղտոտելով Արփա գետը և կարող է ավելի շատ վնաս հասցնել տեսակներին և բնակմիջավայրերին՝ աղտոտելով այն ջրերը, որոնք թափվում են երեք թեկնածու ԲՀՀՏ: Հանքային ենթակառուցվածքների կառուցումը նաև ոչնչացրել է շրջապատող տարածքները և մեծացրել փոշով աղտոտումը:

Էկոլուր