ԲԿ էնդոսկոպիկ ախտորոշիչ ծառայության ղեկավարի...

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ 2013 թվականի դեկտեմբերի 4-ին՝ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարը դրսևորելով անփույթ վերաբերմունք իր պարտականությունների նկատմամբ՝ բժշկական կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող 37-ամյա հիվանդին ցուցաբերել է ոչ պատշաճ բժշկական օգնություն:

Մասնավորապես՝ ծառայության ղեկավարը ախտորոշիչ հետազոտություն կատարելիս 37-ամյա հիվանդի աղեստամոքսային համակարգն ուսումնասիրել է մասամբ. չհետազոտելով 12-մատնյա աղին՝ նրա մոտ չի հայտնաբերել ակնհայտ արյունահոսության աղբյուր հանդիսացած 12-մատնյա աղու քրոնիկական խոցը, ինչի հետևանքով հիվանդին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող նույն բժշկական կենտրոնի մասնագետները հետազոտության տվյալներով հանգել են սխալ հետևության և հիվանդի բուժօգնությունը ցուցաբերել են ոչ լրիվ ծավալով:

Արդյունքում՝ խոցից շարունակական արյունահոսության պատճառով, 37-ամյա հիվանդի մոտ առաջացել է հեմոռագիկ շոկ, որն էլ անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ախտորոշիչ հետազոտության ծառայության ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)  2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։