Հանդիպում ԲՀԿ Շիրակի մարզային կառույցում

bhk press«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամներ Աբրահամ Մանուկյանը եւ Վահե Էնֆիաջյանը հանդիպել են ԲՀԿ Շիրակի վերակազմավորված մարզային կառույցի պատասխանատուների եւ ակտիվի հետ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական եւ ներկուսակցական։ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուները ԲՀԿ ղեկավար կազմի առաջ բարձրացրել են մարզի բնակիչներին հուզող մի շարք լրջագույն խնդիրներ, որոնք մարզում սրում են սոցիալական լարվածությունը։ Մասնավորապես՝ Աշոցքի տարածաշրջանի ներկայացուցիչները նշել են, որ գյուղացիներից մթերված կաթի դիմաց ՙՄարիաննա՚ եւ ՙԱշտարակ կաթ՚ ընկերությունները արդեն երկու ամիս է գյուղացիներին չեն վճարում, ինչը վարկերի տակ կքած բնակիչների համար ստեղծում է ծանրագույն սոցիալական վիճակ։ Բարձրացվել է նաեւ միջհամայնքային երթուղիների հարցը. Մասնավորապես նշվել է, որ մեկը մյուսի ետեւից փակվում են Գյումրիից մարզի այլ բնակավայրեր գնացող ավտոբուսների երթուղիները, անապահով բնակչությանը թողնելով միայն տաքսիների հույսին, որից շատ քչերը կարող են օգտվել։ Այսօր արդեն ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշյալ երկու խնդիրները քննարկել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի եւ կապի ու տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ եւ առաջիկայում մարզի բնակիչներին կտրվեն բարձրացված խնդիրների վերաբերյալ սպառիչ պարզաբանումներ։
ԲՀԿ պատասխանատուները հանձնարարել են Շիրակի մարզային կառուցի ղեկավարներին սեղմ ժամկետներում ներկայացնել ներկուսակցական հանձնարարականների վերաբերյալ հաշվետվություններ, ինչպես նաեւ ԲՀԿ կենտրոնական գրասենյակի հետ միասին կազմակերպել կուսակցականների վերալիցենզավորումը։
ԲՀԿ ղեկավար կազմի հաջորդ հանդիպումը նախատեսված է ԲՀԿ Սյունիքի տարածքային կառույցների հետ։
ԲՀԿ մամուլի ծառայություն

Դիտվել է 25 անգամ
 


Այս թեմայով