Բազմաթիվ ծնողներ վստահեցնում են՝ որդիները զոր...

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այցելել է Երևանի կայազորի հոսպիտալ:

«Այսօր Պաշտպանության նախարարության Երևանի կայազորի հոսպիտալում էի։ Բոլոր այն ծնողներին, ում որդիներն այսպահին իրենց բուժումն են ստանում հոսպիտալում, պիտի ասեմ, որ հանգիստ լինեն. պրոֆեսիոնալ բուժանձնակազմ, հոգատար վերաբերմունք, ինչն ինձ անկեղծորեն տպավորեց։ Զրուցեցի թե՛ հիվանդ զինվորների և թե՛ ծնողների հետ ու որոշ խնդիրներ, որ բարձրացվեցին իրենց կողմից, առաջիկա օրերին կքննարկեմ պաշտպանության նախարարի հետ»,-գրել է նա:

Միաժամանակ Զոհրաբյանը նշել է, որ մտահոգիչ էր հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում տիրող իրավիճակը:

«Ինձ դիմած բազմաթիվ ծնողներ վստահեցնում են, որ իրենց որդիները զորակոչվել են բանակ բացարձակապես առողջ և այնուհետև, ոմանք՝ ծեծի, կամ անձը նվաստացնող այլ հանգամանքների պատճառով ստացել են հոգեկան ակնհայտ շեղումներ։ Ոմանց դեպքում, ինչպես տեսա, կան այլևս անդառնալի հոգեկան խանգարումներ։ Մասնագետ բժիշկների մեկնաբանությունն այլ էր։

Ամեն դեպքում, կարծում եմ, որ այստեղ մենք քննարկելու և նաև օրենսդրական նոր լուծումներ առաջարկելու լուրջ խնդիր ունենք, որը ես, որպես պատգամավոր, բնականաբար, պաշտպանության ոլորտի մասնագետների և առաջին հերթին նախարարի հետ քննարկելուց հետո կանեմ։ Բնականաբար, կա նաև կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն անելու անհրաժեշտություն»,-գրել է Զոհրանյանը:

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կհրավիրի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ այս ու այլ խնդիրներ քննարկելու համար։