Բարսեղյանի «քաջնազարությունը» կամ բռնության դ...

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հասցեին հնչած մահվան սպառնալիքներին․«․․․Ես իմ մասով ասեմ, որ եթե Արտակի մազից մեկը ինչ-որ կենգուրուի մեղքով ընկավ, գտնելու եմ էդ կենգուրուին, կապեմ ավտոյիս ետևից, ու տանեմ մինչեւ Տավուշ, կարող եմ երթուղին մի քիչ փոփոխել, իհարկե, մինչեւ կենգուրուի ականջների ծերերը մնան գետնին ... մնացածը գիտեք չկրկնեմ: Ու ասածս կապ չունի, որ Արտակն իմ 15 տարվա ընկերն է ու ես իր հրաժարականն եմ պահանջել նախարարի պաշտոնից: Ասածս կապ ունի նրա հետ, որ մահվան, սպանության եւ բռնության քարոզի քոքը պտի տալ մեր երկրում․․․»:

Հիշեցնենք, որ Լևոն Բարսեղյանը արդեն երկրորդ անգամ է ինքնդատաստանի հայտարարություն անում։ Առաջին անգամ նա սպառնում էր Նիկոլ Փաշինյանի անվտանգության համար հնարավոր խնդիրներ ստեղծողներին։ Իհարկե, այդ անգամ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ով է սպառնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Մի կողմ թողնենք հանգամանքը, թե ով է սպառնացել Արտակ Զեյնալյանին։ Մի կողմ թողնենք նաև, որ Լևոն Բարսեղյանի համար պետք է նվաստացուցիչ լինեին նման բառամթերքը և սպառնալիքները։ Փորձենք հասկանալ, թե որքանով են համապատասխանում Բարսեղյանի հայտարարությունները իր հասարակական գործունեությանը։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի պաշտոնական կայքում գրված է, որ ակումբի առաքելությունը արտահայտման, մամուլի եւ տեղեկատվության ազատության պաշտպանությունն է: Ակումբը, հիմնադիրները եւ մասնագետները զբաղվում են  լրագրողների, ԶԼՄ-ների քաղաքացիական մի շարք խմբերի շահերի պաշտպանությամբ:

Ըստ էության, Լևոն Բարսեղյանը իրավապաշտպան է։ Կամ գոնե այդպես է գրանցված իր կազմակերպությունում և մարդու իրավուքնները հարգելու և դրանց տարածման համար է տարբեր ֆոնդերից ֆինանսավորվում։  Առնվազն նման կոչերի համար պետք է դադարել Լևոն Բարսեղյանին համարել իրավապաշտպան։ Այս հայտարարությամբ նա նաև հարվածում է իրավական պետություն ստեղծելու գաղափարին։ Իրավական պետության ներսում չի կարող Լևոն Բարսեղյանը ինքնադատաստանի կոչ անել։ Անգամ ծանր հանցագործության դեպքում նա պետք է սպասի դատարանի վճռին և արդարադատությանը։ Հիմա երկրի ղեկը Բարսեղյանի կողմից ընդունված անձանց ձեռքում է, այդ թվում՝ իրավապահ համակարգը։ Ու եթե նա վստահում է իր սիրած իշխանություններին, ուրեմն՝ իր այս հայտարարությունները «քաջնազարություն» են։

Ծիծաղելի է նաև Բարսեղյանի այն հայտարարությունը, որ նա նման սպառնալքիներ է հնչեցնում, որ բռնության քարոզ չլինի այլևս։ Պարոն Բարսեղյանը երևի չի նկատում, որ ինք էլ է բռնության քարոզ անում։ Այս պահվածքը հիշեցնում է տխրահռչակ գեներալ Մանվելին, ով ժամանակին հայտարարում էր, որ դեմ է բռնությանը, և երբ բռնություն է տեսնում, ուզում է «տալ բռնություն անող մարդու բերնի մեջ»։