Բաքվին Բրյուսելից «ճիպոտահարեցին», հիմա էլ «կ...

Արդեն մի քանի օր է ադրբեջանական մամուլը հայտարարում է այն մասին, որ նախապատրաստվում է Ադրբեջան-ԵՄ նոր համաձայնագիր, որի ստորագրումը հնարավոր է տեղի ունենա այս տարվա հունիսին՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ։

Համաձայնագրի հետ կապված բանակցություններ վարելու համար Բրյուսելում է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ Ենթադրելով ադրբեջանական մամուլում շրջանառվող պաշտոնական հաղորդագրությունների բովանդակությունից, ըստ ամենայնի, համաձայնագրի հետ կապված աշխատանքները իրոք կավարտվեն մինչեւ հունիս եւ հունիսին կստորագրվի՝ արդեն նշված գագաթնաժողովի շրջանակներում։ Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ պառլամենտական ընտրություններից հետո նման համաձայնագրի կնքումը ինչ խոսք չափազանց զարմանալի է։

Նախ, որովհետեւ ընտրություններն այն աստիճան խայտառակ էին, որ հիմա ադրբեջանական ԿԸՀ-ն գրեթե ամեն օր մի տեղամասի արդյունքներ չեղարկում է։ Բացի այդ, եվրոպական կառույցները հանդես էին եկել քննադատական խոսքով, կապված ընտրություններում տեղ գտած խայտառակ խախտումների եւ իրավունքների ոտնահարումների հետ կապված։ Տրամաբանական կլիներ, որ նույնիսկ հայտարարվեր, որ Ադրբեջանում դեմոկրատիան վտանգված է եւ նույնիսկ սանկցիաներ սահմանվեր ընդդեմ իշխող վարչակարգի։ Սակայն պարզվում է, որ ոչ։

Եվրոպան որոշել է մի փոքր ճիպոտահարելուց հետո, հիմա էլ Բաքվին մատուցել կարկնդակներ։ Դե հասկանալի է, ասպարեզում էներգետիկ եւ առեւտրային հարցերն են։ Հասկանալի է, որ Բաքվի իշխող վերչակարգի լեգիտիմության պակասորդի վրա Բրյուսելում աչք կփակեն, եւ կստանան իրենց համար ձեռնտու պայմաններով համաձայնագիր։ Ըստ էության սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ եվրոպական ստանդարտների եւ իրական քաղաքականության մասին։