Բաքուն, Թեհրանն ու Մոսկվան պատրաստվում են եռա...

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը մտահոգություն է հայտնում, որ «մինչ Հայաստանում ինքնամոռաց տրվում ենք ներքաղաքական կրքերին, Բաքուն, Թեհրանն ու Մոսկվան ակտիվորեն պատրաստվում են ս.թ. օգոստոսին Սոչիում կայանալիք եռակողմ գագաթնաժողովին, որի շրջանակներում օրակարգ են բերվելու Հայաստանի շահերին ուղղակիորեն հակասող մի շարք նախագծեր»: 

Politik.am-ի հետ զրույցում Դավթյանը ներկայացնում է եռակողմ հանդիպմանը քննարկվող հնարավոր թեզերն ու նշում դրանցում եղած՝ Հայաստանի տարածաշրջանային շահին հակասող կետերը:  

Առանցքային հարցերը

Կարող եմ առանձնացնել երկու առանցքային հարցեր, որոնք կբերվեն օրակարգ: Առաջինը Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման աշխատանքներն են, որոնց շրջանակներում նախատեսվում է Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացման ապահովում ադրբեջանական ենթակառուցվածքների միջոցով, և երկրորդ՝ Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային լոգիստիկ միջանցքում ադրբեջանական բաղադրիչին համակարգված կարգավիճակ տալ: Խոսքը, մասնավորապես, Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթուղու մասին է, որի կառուցման աշխատանքները, ճիշտ է, բավականին դանդաղ տեմպերով, բայց, այնուամենայնիվ իրականացվում են: Երկաթուղի, որը դիտարկվում է որպես Ռուսաստանի կողմից 2000-ականներից ի վեր իրականացվող Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային լոգիստիկ միջանցքի կարևոր բաղադրիչ: 

Ինչու՞ են այս երկու նախագծերը Հայաստանի տարածաշրջանային շահին

Առաջինի դեպքում՝ Իրանի և Ռուսաստանի էկեկտրաէներգետիկ համակարգերի սինխրոնիզացումը Ադրբեջանի տարածքով նշանակում է, որ կարող է իր արդիականությունը կորցնել այն նախագիծը, որն այսօր իրականացվում է Հայաստանի ուղղակի ներգրավմամբ (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորումը, որի շրջանակներում այսօր ընթանում են Իրանի և Հայաստանի միջև բարձրավոլտ օդային գծի կառուցման աշխատանքներ): Ստեղծվում է մի իրավիճակ, որ եթե, ի սկզբանե, Հայաստանը դիտարկվում էր որպես կարևոր օղակ Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքում, որը պետք է կապեր Իրանը և Ռուսաստանը՝ ապահովելով փոխադարձ էլեկտրաէներգետիկ հոսքեր, ապա 2018 թվականից ի վեր Ադրբեջանը ակտիվորեն բանակցային գործընթաց է նախաձեռնել թե՛ Թեհրանի, թե՛ Մոսկվայի հետ՝ նպատակ ունենալով այս նախագիծը բերել իր տիրույթ: Դա, թերևս, նրան հաջողվում է: Պետք է նշենք, որ այս հարցի շուրջ շատ շուտով՝ սեպտեմբեր ամսին նախատեսվում է նաև արդեն թիրախային, մասնագիտական եռակողմ հանդիպում՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը տեղի կունենա Բաքվում: Կարծում եմ՝ սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար: Այն, ներգրավելով շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլը գծերի նախագծերը կյանքի կոչելու համար, փաստորեն կարող է հայտնվել էլեկտրաէներգետիկ իզոլացման պայմաններում:

Տրանսպորտային լոգիստիկ բաղադրիչի մասին

Ակնհայտ է, որ ի սկզբանե, մասնավորապես՝ 2007-2008 թվականներից ի վեր որպես Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կարևոր մաս էր դիտարկվում Իրան-Հայաստան երկաթուղին: Մի շարք աշխարհաքաղաքական, ներքաղաքական և այլ խնդիրներից ելնելով՝ այդ նախագիծը կյանքի չկոչվեց, սակայն, թերևս, ամենակարևոր խնդիրը, որը թույլ չտվեց այս նախագիծը կայնքի կոչել, այն է, որ ադրբեջանական կողմն ակտիվորեն առաջ էր տանում Իրանի և Ադրբեջանի երկաթուղիները կապող նախագիծը: Եթե այս նախագիծը վերջնականապես ամրագրվի որպես Հյուսիս-հարավի կարևորագույն և ռազմավարական մաս, ապա մենք կարող ենք կորցնել մեր տարանցիկային ներուժը:

Իմ խորին համոզմամբ՝ Հայաստանը, որը գտնվում է գազամուղային և երկաթուղային շրջափակման պայմաններում, պետք է դիտարկի Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքը՝ որպես կարևորագույն ինտեգրացիոն ռեսուրս, որը թույլ կտա, ի հեճուկս Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող իզոլացման բլոկադային քաղաքականությանը, ճեղքել այդ շրջափակումը և հանդես գալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր, ինչպես նաև էլեկտրաէներգիայի փոխանցման համար կարևորագույն տարանցիկային գոտի: Այս գիտակցումը, թերևս, կար նախկինում, այն կա նաև այսօր, և սա է պատճառը, որ 2015 թվականին քառակողմ համաձայնագիր կնքվեց Իրանի, Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի միջև, սակայն մենք կարող ենք ասել, որ այդ գործընթացն այժմ գտնվում է մեռյալ կետում, որովհետև կան կառավարման և ֆինանսական կառավարման և այլնի հետ կապված խնդիրներ: Ներկայում իշխանությունները փորձում են այդ բացը լրացնել, փորձում են ստեղծել նախապայմաններ այդ նախագիծն ավարտին հասցնելու համար, բայց, հաշվի առնելով, որ իրականում բաժին է ընկել բավականին բարդ ժառանգություն, այս խնդիրը կարճաժամկետ ժամանակահատվածում լուծելը բավականին բարդ կլինի:

Մենք ունենք էլեկտրաէներգետիկ հզորությունների  ավելցուկ և պատրաստ ենք արտահանել էլեկտրաէներգիա, բայց...

Ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը ակտիվորեն սկսում է իր էլեկտրաէներգիան արտահանել մի քանի ուղղություններով, և, մասնավորապես, իրանական և վրացական ուղղություններով, որի արդյունքում մենք սկսում ենք կամաց-կամաց կորցնել մեզ համար առանցքային նշանակություն ունեցող շուկաները՝ Իրանն ու Վրաստանը: Սակայն, խնդիրը նոր չի ձևավորվել. նախկինում մենք ապահովում էինք Վրաստանում էլեկտրաէներգիայի սպառման շուրջ 15-17%-ը: Խնդիրը, կարծում եմ, բացի ենթակառուցվածքային լուոծումներից, որոնք վերոնշյալ բարձրավոլտ գծերի կառուցման աշխատանքներն են, անհրաժեշտ է նաև շատ հստակ շուկայական քաղաքականություն իրականացնել՝ ուղղված Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի ինքնարժեքի նվազեցմանը: Այն այսօր բավականին բարձր է: Ինչու՞ այսօր Վրաստանը գնալով ավելի ու ավելի քիչ է էլեկտրաէներգիա է ներկրում Հայաստանից: Խնդիրը միայն Ադրբեջանի մեջ չէ, որը ներդրումներ է իրականացնում վրացական էներգետիկ համակարգում՝ այնտեղ հանդես գալով «նորաձևություն թելադրող», խնդիրը նաև Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի բարձր ինքնարժեքն է: Հայաստանի արտաքին մրցունակությունը էլեկտրաէներգետիկ շուկաներում ավելացնելու համար անհրաժեշտ է նախևառաջ որդեգրել էլէնեգիայի ինքնարժեքի նվազեցման քաղաքականություն և սա, կապակցելով նոր ենթակառուցվածքների կառուցման հետ, հանդես գալ որպես առանցքային էլեկտրաէներգետիկ խաղացող:

Իսկ նախկինում...

Հայաստանի էներգետիկ համակարգը, որը ձևավորվել է 1970-80-ական թվականներին, առ այսօր իր կառուցվածքային տրամաբանությունը չի փոխել, մոդելը նույնն է, և այն խարսխված էր էլեկտրաէներգետիկ հզորությունների ավելացման և կայուն արտահանման վրա: Այդ ժամանակ Հայաստանը Անդրկովկասի էլեկտրաէներգետիկ շուկայի առանցքային դերակատար էր, որն ապահովում էր ամբողջ տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը: Սա պատմական-գիտական փաստ է: Այս մոդելը պահպանվել է առ այսօր, և եթե մենք չկարողանանք հանդես գալ որպես տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ շուկայի առանցքային դերակատար, պարզապես ի վիճակի չենք լինի ապահովել մեր էներգետիկ համակարգի զարգացումը: Ըստ այդմ, անհրաժեշտ են դիվանագիտական գործիքակազմի կիրառում, ակտիվ լոբինգային աշխատանքներ թե՛ Իրանում, թե՛ Վրաստանում: