Բաքուն Լոնդոնի եւ Վաշինգտոնի հետ նոր խաղ է սկ...

Ադրբեջանի նախագահը վերջին երկու օրերին երկու բավական ուշագրավ հանդիպում է ունեցել, որը պետք է, որ գրավեր նաեւ մեր վերլուծաբանների ուշադրությունը։

Իլհամ Ալիեւը հանդիպել է նախ ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան մի պաշտոնյայի գլխավորած պատվիրակության հետ, ում ղեկավարման տիրույթում գտնվում էներգետիկ դիվանագիտությունը, ապա նաեւ հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ Ադրբեջանի հետ առեւտրային հարցերով հատուկ ներկայացուցչի հետ։

Եթե ամերիկացի պաշտոնյայի դեպքում պաշտոնական հաղորդագրությունը չափազանց համառոտ է, ապա բրիտանացի ներկայացուցչի հետ քննարկվել են էներգետիկ հարցեր, խոսվել է «ՏԱՊ» եւ «Հարավային գազային միջանցք» ծրագրերի մասին, BP-ի՝ Ադրբեջանում իրականացվող ծրագրերի եւ գործունեության մասին։

Հասկանալի է, որ անգլոսաքսոնական աշխարհը փորձում է իր հետաքրքրություններին ու շահերին համապատասխան որոշակի լոբբիստական աշխատանք իրականացնել հետընտրական Ադրբեջանում։ Հասկանալի է նաեւ, որ դա արվում է որպես գին այն բանի, որ պետք է աչք փակեն փետրվարի իննի խայտառակ ընտրությունների արդյունքների վրա։

Մյուս կողմից Միացյալ Նահանգները իր հերթին սիրաշահում է Բաքվին, քանի որ էներգետիկ դիվանագիտությունը գործի դնելով, փորձելու է Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացիայի ծրագիրը գոնե փոքր ինչ կյանքի կոչել, ու դա որպես հաղթաթուղթ ընդդեմ ռուսների օգտագործել։ Մեծ Բրիտանիան էլ, հասկանալի է, «Բրեքսիտից» հետո նոր շուկաներ, նոր գործընկերների որոնումների մեջ է եւ կսիրաշահի, հանուն իր վերազգային նավթային ընկերության շահերի։

Բաքուն այս ամենը հասկանում է։ Նաեւ հասկանում է, որ Ռուսաստանի դեմ շատ չի կարող «խաղեր տալ» եւ իր հերթին սակարկությունների սեղանին կբերի Արցախի հարցը ու կփորձի Ռուսաստանից որպես հավատարմության գին ինչ որ բան կորզել Ղարաբաղի հարցում։

Իսկ մինչ այս ամենը ինչ որ պրոցեսի հերթական հանգրվանային ընթացքով շարունակվում է, Երեւանում զբաղված են «հպարտ քաղաքացու հիվանդության պատմության» մասին բուկլետ տպագրելով։