Բաքուն հերթական հակահայկական աբսուրդ քայլն է...

Մինչ Հայաստանում զբաղված են անիմաստ գզվռտոցով, եւ ՍԴ-ն թիրախավորելով, ադրբեջանական քարոզչամեքենան ժամանակ չի կորցնում հակահայկական իր քաղաքականությունը առաջ մղելու համար։

Նախ, Իլհամ Ալիեւն է հայտարարում, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, փայլուն կերպով իմանալով, թե այդ հայտարարությունը հատկապես հայկական մեդիատարածքում ինչ ազդեցություն կունենա եւ ինչպես կնպաստի հասարակության պառակտվածության խորացմանը, իսկ հետո էլ հանդես է գալիս չափազանց ուշագրավ հայտարարությամբ Բաքվում գործող Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների համայնք կոչված կազմակերպությունը։ Հայտարարությունը բնույթով նախընտրական է։

Հիշեցնենք, որ ընդամենն օրեր անց Ադրբեջանում արտահերթ պառլամենտական ընտրություններ են լինելու։ Եվ ահա, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայք կոչված կազմակերպությունը կոչ է արել, ոչ ավել ոչ պակաս՝ ԼՂՀ բնակչությանը կամ ինչպես հայտարարությունում է նշված՝ «Խանքենդի-Շուշայի, Խոջալուի եւ Խոջավենդի ընտրատարածքներում ապրող ծագումով հայերին», որոնք «Հայաստանի ագրեսիայի եւ ադրբեջանական տարածքների գրավման պատճառով զրկվել են իրենց ձայնի իրավունքն օգտագործելու եւ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից», օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից եւ մասնակցել փետրվարի իննին կայանալիք Ադրբեջանի արտահերթ պառլամենտական ընտրություններին։

Հայտարարությունում նաեւ ջանք չի խնայվել Հայաստանը որպես ագրեսոր ներկայացնել, վերագրել «ադրբեջանցիների հանդեպ էթնիկ զտումներ» իրականացնելու հանցագործություն եւ հանդես գալ անմեղ զոհի դիրքերից։ Իհարկե, հասկանալի է, Բաքուն ամեն կերպ ինչ հարցեր է փորձում լուծել։ Ցավալին այն է, որ Երեւանում այդ վտանգները թողած՝ երկիրը իր բոլոր ինստիտուտներով, վերածել են «աբսուրդի թատրոնի»։ Կարելի է ֆիքսել՝ Բաքուն իր աստեղային ժամի մեջ է՝ հայկական հակադարձման գրեթե բացակայության պայմաններում։