Բանավեճից հետո արդիական է դառնում «ուզում ես...

Ինչպես դիպուկ կերպով նկատել է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, Փաշինյան-Ալիեւ Մյունխենյան բանավեճի առնչությամբ, այն «հին վեճ էր գլխավորի մասին»։

Իսկ գլխավորը թերեւս Արցախի ժողովրդի՝ իրենց ինքնորոշման իրավունքի իրացումն է Ադրբեջանի կազմից դուրս, որին արդեն երեսուն տարի հնարավոր չի եղել հասնել բանակցային գործընթացի ողջ ընթացքում եւ հիմա հատկապես, շատ դժվար է պատկերացնել, թե հնարավոր կլինի հասնել, թե ոչ։

Նախ, եթե զուտ ամենասկզբից գանք, ապա՝ Հայաստանի վարչապետը պարտավոր է իմանալ լիարժեք կերպով այն էլ՝ հայերեն։ Այլ լեզուների իմացությունը ցանկալի է, բայց պարտադիր պայման չէ։

Երկրորդ, միշտ կա թարգմանիչների ինստիտուտը։ Որքան էլ վստահ լինես ուժերիդ վրա, սակայն պետք է միշտ հաշվի առնես, որ կողքիդ պետք է լինի թարգմանիչ, եթե դու այն լեզվի կրողը չես, որով խոսելու ես միջազգային հարթակում։ Սրանում ամոթ բան չկա։ Սա պարզ սկզբունք է։

Երրորդ, պետք է բանավեճի մեկնելուց առաջ թեմային տիրապետել։ Ընդ որում, ոչ այնքան սեփական աչքերով թեման ուսումնասիրել, որքան հակառակ կողմի, որպեսզի հնարավորություն ունենաս հակադարձելու, չեզոքացնելու հակառակ կողմի հայտարարությունները։

Նշվածներից եւ ոչ մեկը չկար Հայաստանի վարչապետի մոտ։ Ավելին, թեմային չտիրապետելուց զատ, Փաշինյանի մոտ առկա է նույնիսկ Հայոց պատմության բավական թերի իմացություն։ Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ նման բանավեճերը շոու են, բայց շոուի ընթացքում էլ կարելի է այնպես պահել, որ զգացվի գիտելիք եւ փաստարկվածություն։

Փաշինյանը բավական լավ մանիպուլացնում էր ամեն բան, կարողանում բավական համոզիչ կերպով իր սուտը ճշտի տեղ «սաղացնել»։ Զարմանալի է, որ պոպուլիզմի եւ մանիպուլյացիաների վարպետ մեր վարչապետը անգլերենով թույլ էր նույնիսկ իր հիմնական «արհեստի» մեջ։

Բովանդակային մասով․ վերջապես պարզ դարձավ, թերեւս նաեւ Փաշինյանի համար, որպեսզի այդ էջը փակի, որ Բաքուն նախ երբեք չի համաձայնի փաշինյանական հայտնի թեզերի հետ․ այսինքն՝ Ալիեւը չի խոսի ԼՂ ժողովրդի հետ, գոնե այս փուլում, եւ ապա՝ Ալիեւի համար ընդունելի լուծումը հակամարտության, ոչ թե փոխզիջումն է, այլ մեր կողմից միակողմանի զիջումը փուլային կարգավորման փաթեթավորմամբ։

Տարօրինակ էր միջազգային ատյանի մասին խոսակցությունը, որը կարծես թե նոր հորիզոն է բացում, բայց դա էլ դեռ երկար քննարկելիք հարց է։ Եզրակացությունը մեկն է․ բանավեճից հետո, արդիական է դառնում հետեւյալ խոսքը․ «ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի»։