Բանակցությունները մեր պատկերացրած լուծման համ...

Արցախի խնդրի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ զրուցել են ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի հետ։

Տիկին Կարապետյան, ՌԴ ԱԳ նախարարը հայտարարեց, որ բանակցությունների սեղանին կա փաստաթուղթ, որը ենթադրում է Արցախի խնդրի փուլային լուծում։ Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը, եթե հաշվի առնենք այն, որ հունվար ամսին վարչապետը վստահեցնում էր, որ բանակցություների սեղանին չկա փստաթուղթ։

-Արդեն տևական ժամանակ է, ինչ ես ինքս, ինչպես նաև շատ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ, Արցախյան հիմնախնդրի լուծման շատ մասնագետներ ահազանգում ենք, որ բանակցային գործընթացը ընթանում է ոչ բարենպաստ պայմաններով, այն է՝ հայանպաստ լուծումից հեռվանում է։ Այս մասին են վկայել շատ ազդակներ՝ նույն Լավրովի կողմից անցած տարվա ընթացքում արված շատ ակնարկները, այդ թվում՝ նրա ներկայությամբ Ադրբեջանի պաշտոնյաների արված որոշ հայտարարությունները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունների տողատակերը, մեր ԱԳՆ պաշտանական փաստաթղթերում օգտագործված բառապաշարը, Ադրբեջանի ղարաբաղյան համայնք կոչվածի կարգավիճակային կտրուկ փոփոխությունն ու դրա ղեկավարի մի շարք միջազգային հանդիպումներ և այլն։ Այստեղ, կարծում եմ, պետք է հիշել նաև Փաշինյանի և Ալիևի Մյունխենյան հանդիպման մի շարք դրվագներ, Ալիևի կողմից արված արտահայտություններ, որոնք մնացին անպատասխան։ Հիշենք, որ տևական ժամանակ մեզ մատուցվել է մի իրողություն, թե ներկայումս բանակցություններ տեղի չեն ունենում, սակայն փաստերը խոսում են հակառակի մասին։ Դիվանագիտությունը շատ նուրբ արվեստ է, այստեղ խիստ կարևոր է առաջին հայացքից անտեսանելի մանրուքների և տողատակերի միջոցով իրական պատկերի վերհանումն ու խորքային վերլուծությունը։ Այս ամենը հաշվի առնելով կարելի է եզրակացնել, որ բանակցություններն իրոք մեզ համար, մեր պատկերացրած լուծման համար մտնում են փակուղի։

Ձեր գնահատմամբ ինչու՞ չի խոսում վարչապետ Փաշինյանը, ինչու՞ մեկնաբանություներ չի տալիս։ Միթե՞ իր հայտնի վիրիպակից անկարևոր հարց է, որի համար ինքը երկու անգամ ուղիղ եթերում հայտնվեց։

-Այսօր առավել, քան երբեք, հարկավոր է, որպեսզի վարչապետը լրջության աստիճանը գիտակցի և պաշտոնապես, հրապարակային կերպովլ հայտարարի, որ մեզ համար հակամարտության լուծման փուլային տարբերակը ընդունելի չէ։ Սա պետք է հայտարարել խիստ լակոնիկ և պարզ, առանց որևէ քողարկումների։ Կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, որ նման հայտարարությունը կվնասի բանակցային գործընթացին։ Հավատացնում եմ, իրավիճակի էլ ավելի վատթարացում դժվար թե լինի, դիվանագիտության մեջ լինում են պահեր, կիրառվում են հնարքներ, երբ պետք է արձագանքել հստակ։ Մեծ է հավանականությունը, որ Լավրովի հայտարարությունը ևս մի հնարք է, որն ունի նպատակ այդ արձագանքի հնչեցման։ Ցավում եմ, որ մինչ օրս վարչապետի ուշադրությունը սևեռված է այլ՝ հայ ժողովրդի համար անկասկած շատ ավելի քիչ կարևոր հարցերի վրա, անգամ այս լրջագույն իրավիճակում, էլ չեմ ասում՝ պանդեմիայի պայմաններում։

Ի՞նչ պետք է անեն քաղաքական ուժերը, հասարակությունը։ Ակնհայտ է, որ իշխանությունները ինչ որ գործընթաց են քողարկում։ Ինչպե՞ս վարվել։

-Հասարակությունը պետք է պահանջատեր լինի։ Սա լոկ գեղեցիկ խոսքեր չեն։ Իշխանությունները պետք է տեսնեն իրական պատկեր, թե ինչպես է հասարակությունն արձագանքում որևէ խնդրի, առավել ևս՝ Արցախյան հիմնահարցին։ Կրկին շատ ցավում եմ, բայց այսօր իշխանության ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունն իրականությունից կտրված է, սոցիալական կայքերի ու վարկանիշների «գերի ընկած» իրավիճակում է, որտեղ արդեն իրենք էլ չեն տեսնում, թե որն է ճիշտ, իսկ որը՝ ֆեյք։ Պետք է խոսել, անընդհատ խոսել, վերլուծել, պահանջել, հետևողականորեն ներկայացնել փաստերի համադրությունները, ի վերջո, որևէ մեկին չի ներվելու բանակցային գործընթացի տապալումը։

Իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ստախոսության մեջ մեղադրեց ՌԴ ԱԳ նախարարին։ Սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։

-Ես ընդհանրապես զարմանում եմ, թե ինչպես է Ռուբինյանը պնդում, որ սեղանին պաստաթուղթ չկա, երբ նույն օրը ԱԳ նախարար Մնացականյանն իր պատասխանում փաստացի հաստատում է, որ փաստաթուղթ, այնուամենայնիվ, կա։ Չէի ցանկանա կանխատեսումներ անել, քանի որ խոսք է գնում տրամաչափով խիստ տարբերվող անձանց մասին, բայց պաշտոնները հաշվի առնելով, պատասխանեմ։ Ես կռահում եմ, որ նրանց «միջև» դեռ կա շփոթած քվեարկության կոճակի խնդիրը, և ներկայիս այս անհեռատես և ոչ մի կշիռ չունեցող հայտարարությունը դեռ իր մասին կհիշեցնի։ Մեծ քաղաքականության մեջ պատասխանները չեն տրվում անմիջապես։