Բակո Սահակյանն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

1991 թվականի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ կարևորագույն մեկնակետ, նոր ճանապարհի սկիզբ: Դա ինքնիշխան ու ժողովրդավարական պետության կառուցման ճանապարհն է՝ հիմնված ազգային ու համամարդկային արժեքների վրա:

Յուրաքանչյուր հայ, որտեղ էլ նա լինի, պարտավոր է հոգու խորքում միշտ վառ պահել Հայրենիքի գաղափարը, իր ավանդն ունենալ հայոց անկախ պետականության ամրապնդման ազգանպաստ գործում:

Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր ողջ ժողովրդին այս նվիրական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու հաղթանակներ՝ ի բարօրություն ու բարգավաճում Հայաստանի Հանրապետության»: