Բակո Սահակյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի իշխանությունները անում էին ամեն բան, որպեսզի Արցախի իշխանությունները հայտնվեն իրենց ձեռքում, և իրականացնեն ցանկացած հրահանգ, որը կգնար Երևանից: Հայաստանի իշխանությունների պահանջով Վիտալի Բալասանյանի` ԱԱԽ քարտուղարի պաշտոնից ազատումը խորացնում էին այն կասկածները, որ Արցախի իշխանությունը վերածվում է խամաճիկային կառավարության: Իրադարձությունների նման զարգացումն անցանկալի է, հատկապես` Արցախի խնդրի լուծման տեսակետից:

Հունիսի 26-ին, սակայն, Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր ստորագրեց, որի համաձայն` Արշավիր Ղարամյանը նշանակվեց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Ղարամյանը մտերիմ հարաբերություններ ունի Վիտալի Բալասանյանի հետ, և ինչ-որ իմաստով նրանք մեկ թիմ են համարվում: Ղարամյանը նաև այն գործիչներից է, ով համարվում է ՀՀ վարչապետին ընդդիմադիր:

Ղարամյանի նշանակումը Բակո Սահակյանի պատասխանն էր Նիկոլ Փաշինյանին, և ըստ էության` ազդանշան, որ նա այլևս չփորձի միջամտել Արցախի ներքին կադրային խնդիրներին: