Սանասարյանը հաստատեց, որ ինքը կասկածյալ է

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով հարցին, որ ըստ տեղեկությունների` ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրգործով ինքը ներգրավվել է որպես կասկածյալ, լրագրողների հետ զրույցում ասաց` ինչ նախաքննական մարմին ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի՝ չեն կարող խազ քաշել իմ բարի համբավի վրա.

«Քրեական գործին վերաբերող մանրամասների մասին չեմ կարող խոսել, որովհետև նման պարտավորություն ունեմ։ Բայց դա չի ենթադրում, որ պետք է ինֆորմացիայի արտահոսք լինի և ես չկարողանամ համապատասխան տեղեկատվություն տալ, որպեսզի որևիցե ձևով չկարողանան իմ բարի համբավի վրա որևիցե բիծ անեն։ Դա ձեռք է բերվել տասնյակ տարիների պայքարի արյդունքում, դա ձեռք է բերվել սկզբունքային ու ազնիվ ապրելու արդյունքում ու չեն կարող, ինչ նախաքննական մարմին ուզում է լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է լինի, չեն կարող դրա վրա խազ քաշել։ Բնականաբար, ես համաձայն չեմ դրա հետ ու դա վիճակրվելու է համապատասխան իրավական ճանապարհներով»:

Սանասարյանը ավելացրեց` քրգործով իմ կարգավիճակի մասին բոլոր հարցերը հորդորում եմ տալ ԱԱԾ-ին.

«Ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ՝ ինչ ինձ հայտնի է։ Մի բան հստակ կարող եմ ասել, որ որևիցե մեկը, որևիցե կառույց չի կարող ինձ որևիցե կոռուպցիոն երևույթի հետ կապել, որովհետև ես ինքս սկզբունքորեն մերժում եմ ցանկացած կոռուպցիոն երևույթ, հատկապես հեգնողներին ասեմ՝ գերեզմանում էլ լինեմ՝ իմ անունը պայքարելու է կոռուպցիայի դեմ»։

Լրագրողի հարցին, թե ինքն ու՞մ է խանգարում ու ի՞նչ նպատակ ունի այս գործընթացը, Սանասարյանը պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել՝ ում եմ խանգարում, բայց  մի բան հասկանում եմ՝ տարբեր շրջանակներում արծարծվող թեմաներից։ Փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որում էմոցիոնալ շարժվելով ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ։ Նման բան չի կարող լինել, ես վտահում եմ երկրի վարչապետին, դրա համար եմ այստեղ։ Չի կարող այնպիսի բան լինել, որ երկրի վարչապետը կոնկրետ իմ նկատմամբ քաղաքական հետապնդում պատվիրի, ես դա բացառում եմ»: