Բացահայտվել է Լեռնահովիտ գյուղում կատարված գո...

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են Լեռնահովիտ գյուղում կատարված գողության մի շարք հանգամանքներ: Երկու անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 23-ին, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակչից ոստիկանության Տաշիրի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 00:30-ից մինչև ժամը 02:30-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ հանցագործություն կատարած անձիք, օգտվելով առանձնատան մուտքի դուռը չկողպված լինելու հանգամանքից, ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող առանձնատուն և հափշտակել չգալի չափերով՝ 105.000 ՀՀ դրամ կանխիկ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1 կետերով:

Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Լոռու մարզի բնակիչներ են՝ ծնված 1999 և 1991թթ.: Վերջիններիս ձերբակալվել են:

Քննության տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք միմյանց հետ ձեռք բերված նախնական համաձայնությամբ, վերը նշված օրը և ժամանակահատվածում, օգտվելով առանձնատան առաջին հարկի մուտքի դռան չկողպված լինելու և տանտիրոջ քնած լինելու հանգամանքից՝ մուտք են գործել ներս և նախապես իրենց հետ վերցրած թղթից կպչուն ժապավենով զգուշորեն կապել են ննջասենյակում քնած տանտիրոջ բերանը, հափշտակել գումար և դիմել փախուստի:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին