ԱԺ նախագահն ընդունել է ռումինահայ համայնքի նե...

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին, Հայաստան համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին և Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել համախմբված ռումինահայ համայնքի դերը թե՛ հայապահպանության, թե՛ հայ-ռումինական կապերի զարգացման եւ թե՛ հայկական խնդիրների` եվրոպական տարածաշրջանում ներկայացման ու առաջմղման գործում:

Խորհրդարանի ղեկավարը կարևորել է երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կապերի ակտիվացումը, ինչին մեծապես իրենց նպաստը կարող են բերել Ռումինիայի օրենսդիր մարմնի անդամ երեք հայազգի պատգամավորները:

Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին` Արարատ Միրզոյանը նշել է, որ փաստաթղթի ամբողջական ընդունումը ԵՄ անդամ երկրների խորհրդարանների կողմից նոր խթան կհանդիսանա ու լայն հնարավորություններ կբացի Հայաստանի և եվրոպական տարածաշրջանի միջև փոխգործակցության համար:

ԱԺ նախագահը հյուրերին ներկայացրել է հեղափոխությունից հետո մեր երկրում տարվող բարեփոխումների գործընթացները:

Վարուժան Ոսկանյանը, որը նաև Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատում ALDE ֆրակցիայի ղեկավարն է և Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահը, ներկայացրել է այն գործունեությունը, որը հայ գործիչները ծավալում են տեղի քաղաքական-հասարակական կյանքում և հայկական օրակարգի հետ առնչվող հարցերի աջակցման գործում: Նա ևս կարևորել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման ու ընդյանման անհրաժեշտությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում:

Ռումինահայ գործիչը հանգամանալի ներկայացրել է Ռումինիայում հայ համայնքի ներկա կացությունը, այն քայլերը, որոնք ուղղված են ազգային ոգու և մշակույթի պահպանմանը, երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակմանն ու կրթությանը, նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանը, մայր հայրենիքին սատարման ծրագրերի աջակցմանը: Հյուրերն ԱԺ նախագահին պատմել են Ռումինահայոց միության 100-ամյակին նվիրված միջոցառումների մասին, որը նշվելու է այս տարվա աշնանը: