Ադրբեջանը շարունակելու է Հայաստանը հյուծելու քաղաքականությունը

11293505_848639461880951_390646223_oՎիեննայում մայիսի 16-ին  կայացավ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:  Հանդիպումից հետո  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է.«Համանախագահները ողջունեցին Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին Վիեննայում: Նախագահները համաձայնել են թափ հաղորդել հետագա բանակցություններին՝ ուղղված խաղաղ կարգավորման ձեռքբերմանը և հանձնարարել են իրենց արտաքին գործերի նախարարներին՝ համանախագահների հետ միասին, արվածի հիման վրա շարունակել աշխատանքը՝ խաղաղ գործընթացի ակտիվացման նպատակով: Նրանք պայմանավորվել են կրկին հանդիպել առաջիկա ամիսներին»,ասվում է հաղորդագրության մեջ:

Նախագահների հանդիպման արդյունքների վերաբերյալ Politik.am զրուցեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:

Քաղաքագետը կարծում է, որ շատ կարևոր է, որ Հայաստանը առանց նախապայմանների չգնաց հանդիպման.«Նախ պետք է նկատել, որ Հայաստանին այդքան էլ հեշտ չկարողացան ներգրավել բանակցությունների դաշտ` մոռանալով կատարվածը: Այն որ բանակցությունները պետք է սկսեն` դրանում կասկած չկա, բանակցային գործիքը իրավիճակի կառավարման գործիք է, որը Հայաստանը միշտ օգտագործել է և պետք է օգտագործի: Այս առումով, այդ հանդիպումը չպետք է բաց թողնվեր, բայց այն որ Հայաստանը չպետք է առանց նախապայմանների գնար բանակցելու` դա ևս փաստ է»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը` ավելացնելով, որ մայիսի 16-ի հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց, որ այդ հանդիպումը և առաջիկա ամիսների ահնդիպումները բանակցություններին նախապատրաստվելու ընթացք են:

Անդրադառնալով  սահմանային իրավիճակին քաղաքագետն ասաց.«Եթե մոնիթորինգի մեխանիզմով մենք կարողանանք լուրջ գործիքներ ստեղծել, ապա սահմանին իրավիճակը էականորեն կփոխվի: Սակայն պետք է նկատել, որ առաջիկա ամսիներին Ադրբեջանը շարունակելու է Հայաստանը հյուծելու քաղաքականությունը: Խոսքը սահմանային միջադեպերի և դրանց հետևանքով մեր տրվելիք զոհերի մասին է»,-ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Դիտվել է 372 անգամ
 


Այս թեմայով