ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման կարեւոր գործընկերնե...

Հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխախագահ Շիքսին Չենին։

Տիգրան Ավինյանը գոհունակություն է հայտնել փոխադարձ վստահության վրա հիմնված արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ նշելով,  որ ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման կարեւոր գործընկերներից մեկն է ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլար իրականացված ծրագրերի փաթեթով։ Նա հավելել է, որ ԱԶԲ աջակցությունն առավել առարկայական է տնտեսական ենթակառուցվածքներ ստեղծելու եւ արդիականացնելու գործում։

Շինքսին Չենը կարեւորել է Հայաստանի հետ համագործակցության հետագա զարգացումը՝ հիմնված Երկրի գործընկերության ռազմավարությունում արտացոլված առաջնայնությունների վրա։ Ռազմավարությունը ԱԶԲ կառավարող խորհրդի կողմից պետք է քննարկվի այս տարվա նոյեմբերին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպումը տեղի է ունեցել Մետաքսի ճանապարհին նվիրված համաժողովի շրջանակներում, զրուցակիցները կարեւորել են տրանսպորտի ու կապի ոլորտներում տարածաշրջանային համագործակցության հետագա խորացումը։

Քննարկվել են նաեւ պետություն-մասնավոր համագործակցությանը, ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացմանը, հանրային կառավարման բարեփոխումներին, բարձր տեխնոլոգիաների էկոհամակարգի զարգացմանը վերաբերող հարցեր։