Այսօր այնպիսի մարդիկ են պաշտոնների, որոնք մի...

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ աշխատանքից հեռացված մաքսավորի մասին մի քանի հարց բարձրացնելով։ Ըստ Պետրոսյանի՝ շատերը խոսում են, որ դա արվել է ոչ թե հանուն դրոշի (կամ, առնվազն, դա չի եղել հիմնական նպատակը), այլ եղել է պատրվակ, որպեսզի կարողանա պետական ապարատում տեղավորել իր հետ քայլած մարդկանց.«Ես էլ՝ որպես մարդ, որպես իրավաբան, չեմ կարող բացառել նման վարքագծի հիմնավորված լինելը»,-ասում է Պետրոսյանը:

Politik.am-ի հարցին, թե՞ արձագանք սպասու՞մ է, պատգամավորը պատասխանում է.

«Ես չեմ կարող ասել՝ արձագանք կստանա՞, թե՞ ոչ, ամեն դեպքում ես գրել եմ արձագանքի ակնկալիքով: Իմ կարծիքը՝ որպես իրավաբան և որպես աշխատանքային իրավունքի մասնագետ, այն է, որ աշխատողին աշխատանքից ազատելը պետք է բացառապես տեղի ունենա օրենքով:  Պետք է տեսնել՝ դրոշը պատշաճ կերպով տեղադրելն ու պահելը արդյո՞ք այդ ծառայողի հետ կնքված պայմանագրում կամ նրա պաշտոնի անձնագրով նախատեսված պարտականություն է, թե՞ ոչ: Եթե պարտականություն է, և նա բարի չի եղել կատարել, առաջ է գալիս ուրիշ խնդիր՝ որքանո՞վ է համաչափ նրա նկատմամբ կիրառված  կարգապահական տույժը: Աշխատանքային օրենսդրությունը ունի հստակ պահանջ՝ կարգապահական տույժ կիրառելիս պետք է հաշվի առնել տարբեր գործոններ՝ արարքի վտանգավորություն, հետևանքներ, աշխատողի նախկին վարքագիծ, և ընդամենը աշխատասենյակում տեսնել պառկած դրոշ և հանմձնարարել այդ աշխատասենյակում բոլոր աշխատողներին  ազատել՝ բացարձակապես չի բխում աշխատանքային իրավունքի սկզբունքից»: 

Ըստ Պետրոսյանի՝ այդ բաց նամակը նաև կոչ էր վարչապետին, որ պետք չէ՝ մի ձեռքը մի բան անի, մյուս ձեռքը՝ այլ բան.«Մի դեպքում վարչապետը հայտարարում է, որ մեր երկրում մենք վարում ենք աշխատանքը խրախուսելու քաղաքականություն, բայց մյուս դեպքում հակադրվում է իր իսկ հռչակած քաղաքականությանը և մարդուն առանց հիմքերի դարձնում է գործազուրկ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»: 

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ վարչապետը պետք է ուշադրություն դարձնի՝ իր հեղինակությամբ նախարար, պատգամավոր, կամ այլ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձանցից արդյո՞ք բոլորն են սրբորեն պահպանում դրոշը, սրբորեն հետևում Հայաստանի սահմանադրությանը.«Պետք է իր սկբունքային վերաբուրմունքը ընտրանքային կերպով չդրսևորի, այլ պահպանի հավասարության ու արդարության կանոնը: Ես երբևէ կողմ չեմ եղել, որ որևէ անբարեխիղճ աշխատող, Հայաստանի Հանրապետության դրոշի արժեքը չգիտակցող որևէ մեկը լինի պետական ծառայության մեջ, բայց հանպատրաստից առանց դեպքի հանգամանքները ստուգելու մարդուն աշխատանքից ազատելը ճիշտ չէ»:

Պատգամավորի կարծիքով՝ այսօր այնպիսի մարդիկ են պաշտոնների, որոնք մի շնչով, հանպատրաստից չեն կարող պաշտոնի լրիվ անվանումը ճշգրիտ վերարտադրել: