Այս իշխանությունը նախկինում քննադատում էր տոն...

Կառավարությունը երեկ վարչապետի աշխատակազմին հատկացրեց 124 միլիոն դրամ՝ «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով: Լուրի հաստատումից հետո եղան բազմաբովանդակ քննարկումներ՝ գումարի չափի արդարացված լինել-չլինելու հետ կապված: Այս թեմայով Politik.am-ը լսել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի մեկնաբանությունը:

Գրիգորյանի խոսքով՝ հարցի վերաբերյալ կուսակցական քննարկում չեն ունեցել, բայց ինքն անձամբ բացասաբար է վերաբերվում իշխանության կողմից նման մոտեցումներին.

«Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ձևավորված իշխանությունը ինքն էր նախկինում քննադատում տոնակատարություններին տրվող գումարները: Բոլորիս մոտ թարմ են այն հիշողությունները, երբ «ԵԼՔ» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը, ով նաև «Ժառանգություն» կուսակցության «դարբնոցով» է անցել, քննադատում էր Երևանի քաղաքապետի կողմից մեծ հատկացումները՝ Երևանի տոնակատարության համար»: 

Ըստ Անդրանիկ Գրիգորյանի՝ «Քաղաքացու օրը» կարելի է նշել շատ ավելի համեստ, հոգալ այն քաղաքացիների կարիքները, որոնք դրա կարիքն ունեն.«Օրինակ՝ կարելի էր սահմանամերձ գոտիներում ապրող բազմազավակ ընտանիքներին որոշակի աջակցություն տրամադրել, աղետի գոտում անօթևան մնացած քաղաքացիներին օժանդակել: Ի վերջո, նախորդ տարի տեղի ունեցածը համաժողովրդական շարժում է, որի արդյունքում քաղաքացին պետք է տերը լինի իր իրավունքների և երբեք նվաստացած չզգա իր երկրում: Սակայն այսօրվա համակարգը դեռևս չի ուղղել քաղաքացու մեջքը, և որոշակի սոցիալական խնդիրներ կան, որոնց առաջնահերթությունների առջև իշխանությունները չպետք է կանգ առնեին և նախևառաջ այդ խնդիրները լուծեին»:

Մարիամ Սարգսյան