Այս հարցը բազմիցս քննարկել եմ Վլադիմիր Պուտին...

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ն գտնվում է տնտեսական բարձր ցուցանիշներում:

«Մայիսին արձանագրվել է 7.3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց կարծում եմ՝ այս ցուցանիշի մեջ առավել կարևոր է բովանդակությունը, որն ունի այս տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ուզում եմ արձանագրել, որ մայիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ունեցել ենք արտահանման աճ, ինչը նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք: Ուզում եմ հիշեցնել, որ առաջին եռամսյակի տվյալներով արտահանման ոլորտում որոշակի մտահոգություններ կային և հիմա դրանք փարատված են», -նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա արդյունքներով կունենանք արտահանման բավականին շոշափելի աճ:

Վարչապետը նաև արձանագրեց՝ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություն է տեղի ունեցել.«Եթե նախորդ տարի արտահանման մեջ մշակող արդյունաբերության կշիռը կազմում էր 62. 8 տոկոս, այս տարին կազմում է 64.6 տոկոս: Չնայած ընդհանուր արտահանման մեջ դեռևս բարձր կշիռ ունի տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը, բայց առաջին հինգ ամիսների տվյալներով այս ոլորտը արտահանման կառուցվածքում բավական մեծ աճ է արձանագրել՝ 29.5 տոկոս և նաև միջին տեխնոլոգիատարության ապրանքների խումբը նույնպես աճ է արձանագրել՝ 19.4 տոկոս»:

Փաշինյանն անդրադարձավ թվերին և նշեց, թե դրանք ինչով են կարևոր: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ այս թվերը ցույց են տալիս, որ ՀՀ տնտեսական դաշտը, համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները. «Մենք անցյալ տարի սեպտեմբերին ԱԺ-ում քննարկումների ժամանակ ասում էինք, որ տնտեսության կառուցվածքում տեղի են ունեում փոփոխություններ և տեխնոլոգիատար ոլորտները պետք է ավելի մեծ աճ արձանագրեն, որ արտահանումը պետք է դառնա մեր տնտեսության շարժիչ ուժը: Սրանք ընդամենը նախանշաններ են, շատ կարևոր նախանշաններ և տնտեսությունը, գործարար համայնքը կառավարության այս քաղաքական մեսիջներն ընկալել են: Երկու օր առաջ աշխատանքային քննարկում ունեցանք միջնաժամկետ ծախսերի ծրագրերի շուրջ, որի արդյունքում արձանագրեցինք, որ շատ կարևոր է, որ այս մեսիջներն ընկալվեն նաև պետական կառավարման համակարգում։ Այդ համակարգը նույնպես պետք է աշխատի այն տրամաբանությամբ, ինչն այսօր մեզ հուշում է տնտեսության ակտիվության ցուցանիշը»:

Փաշինյանը նաև շեշտեց, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման շոշափելի շարժեր են գրանցվել: Նրա խոսքով՝ մայիս ամսվա ընթացքում բուսական և կենդանական արտադրանքի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 76.6 տոկոսով, ընդ որում 86.2 տոկոսով աճել ՝ բուսական ծագման արտադրանքի արտահանումը, 60.9 տոկոսով՝ կենդանականը.«Բուսական արտադրանքի արտահանման կեսից ավելին եղել է լոլիկի մասով, որի արտահանումը նախորդ տարվա նկատմամբ աճել է 170 տոկոսով: Ուզում եմ արձանագրել, որ առաջին եռամսյակի տվյալներով լոլիկի արտահանման լուրջ անկում ունեինք և այս աճով. ըստ էության, կոմպեսացնում ենք այդ բացը: Ելակի արտահանումը կազմել է 700 հազար դոլար, որը 10 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ վարունգի արտահանումը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 30 տոկոսով աճել է նաև թարմ ձկան արտահանումը»:

Կառավարության ղեկավարը նշեց՝ առևտրատնտեսական հիմնական գործընկերը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ն, հաջորդ տեղում ԵՄ երկրներն են: Այս համատեքստում Փաշինյանն արձանագրեց, որ արտահանման ուղիների բնականոն գործունեության թեման մշտապես եղել է ՀՀ և ՌԴ բարձրագույն պաշտոնյաների քննարկման օրակարգում, ինչպես նաև ՀՀ-ի և Վրաստանի.«Այս հարցը մշտապես քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել: Վրաստանի վարչապետի հետ էլ ենք բազմիցս քննարկումներ ունեցել այս թեմայով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ- և Վրաստանի մեր գործընկերներին՝ այս հարցում մեր պայմանավորվածություննը ճշգրիտ կյանքի կոչելու համար: Սա նշանակում է, որ մեր արտահանման ուղղությունները հուսալի կերպով աշխատում են նև շարունակելու են աշխատել: Ուրախ եմ, որ արդեն մի քանի ամիս է մեր տնտեսությունը գտնվում է լավ տրամադրության մեջ»: