Ավելորդ խորհրդապահությունը վնասակար է Ղարաբաղ...

Աշխաբադում տեղի ունեցած ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ տեղի է ունեցել, ինչպես եւ կանխատեսել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Ըստ կիսապաշտոնական լրատվության, Փաշինյանն ու Ալիեւը ճաշին նստած են եղել իրար կողքի եւ երկու ժամ քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Մեծ հաշվով այսքանն են հայտնում եւ Երեւանից եւ Բաքվից։ Այլ մանրամասներ չեն ներկայացվում, վկայակոչելով բանակցություններում խորհրդապահության պահպանման անհրաժեշտությունը։

Ինչ խոսք, գոնե Երեւանի դեպքում նման խորհրդապահության պահպանման հանդեպ հավատարմությունը տարօրինակ է, քանի որ ընդամենն ամիսներ առաջ էր վարչապետ Փաշինյանը հայտարարում, որ Ղարաբաղյան հարցում ինքը ոչ մեկից ոչինչ չի թաքցնում եւ չի թաքցնելու ու որոշում կայացնելու է ժողովուրդը։ Ստացվում է, որ այժմ արդեն փոխվել է ինչ որ բան, ու խուսափում են մանրամասներից այն դեպքում, երբ նույն վարչապետ Փաշինյանի խոսքերն են, որ պետք է այնպես անել, որ որքան հնարավոր է շատ մարդ իրազեկ լինի բանակցային գործընթացից։

Մեծ հաշվով պետք էր ընդամենը ասել՝ առաջընթաց կա թե ոչ, մինչեւ տարեվերջ Փաշինյան-Ալիեւ հանդիպում լինելու է, թե ոչ, ինչ մարդասիրական քայլեր են ձեռնարկվելու եւ գերիների ինչ փոխանակության մասին էր ասում ՌԴ նախագահ Սերգեյ Լավրովը, կամ էլ ի վերջո, ըստ Մադրիդյան պլանի, ուր է հասել բանակցությունները, եթե իհարկե չկա որոշում կարգավորման արմատական փոփոխության։ Ավելորդ խորհրդապահությունը սխալ է Ղարաբաղյան կարգավորման նման նրբազգաց հարցում եւ այս ուղղությամբ գոնե Փաշինյանի կաբինետը շատ չի տարբերվում նախկիններից։