«Աստված պահապան Հայաստանի և Արցախի Հանրապետու...

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին․«Արդեն իսկ պարզ է, որ Արցախի չորրորդ նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բարձր է գնահատում և ողջունում է Արցախում տեղի ունեցած ժողովրդավարական գործընթացները, մասնավորապես՝ մրցակցային, ազատ ու թափանցիկ ընտրությունները։

Ասվածի համատեքստում ցանկանում ենք շնորհավորել պարոն Հարությունյանին՝ Արցախի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Վստահ ենք, որ նա և իր քաղաքական թիմը հավատարիմ կմնան անկախությունից ի վեր արմատավորված քաղաքական անփոփոխ ուղեծրին, որի անքակտելի բաղադրիչներն են Արցախի անվտագության ապահովումն ու ինքնորոշման իրավունքը։

Լիահույս ենք նաև, որ նոր նախագահի գլխավորությամբ կշարունակվի Արցախի սոցիալ-տնտեսական կյանքի զարգացումն ու այդ ուղղությամբ նորանոր նվաճումներ կարձանագրվեն։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Արցախի և արցախահայության կողքին է և միշտ էլ հանդես է գալու այդ դիրքերից:

Աստված պահապան Հայաստանի և Արցախի Հանրապետություններին»,-ֆեյսբուքի էջում գրել է Մարուքյանը։