Աշխատող մարդիկ աղքատություն չունեն գլխում, բա...

Եկամտահարկի համահարթ հարկման մասին զրուցել ենք ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ: Վերջինս, մեկնաբանելով իր դեմ լինելը եկամտահարկի համահարթ հարկմանը, նշում է.«Հասարակությունում ունենք աշխատող, բայց և աղքատ մարդիկ, որոնց թվաքանակը մոտավորոպես 150 000 է կազմում, ունենք ցածր եկամուտ ունեցող՝ ամսական մինչև 150 000 դրամ աշխատող ստացող մարդիկ մարդիկ, որոնց թվաքանակը մոտավորապես 620 000 է: Այս փոփոխությունը նրանց վրա դրական ազդեցություն չի կարող ունենալ: Իսկ մարդիկ, որոնց թվաքանակը քիչ է, և ունեն բարձր եկամուտներ, նրանց կողմից չվճարված եկամուտները կազմելու են մոտավորապես 45 մլրդ տարեկան: Բյուջեի այս պակասորդը պետք է հարկվի անուղղակի հարկերի բարձրացմամբ: Ստացվում է, որ բարձր եկամուտ ունեցողների չվճարած հարկերը վճարելու ենք ամբողջ հասարակությամբ»:

Ըստ ՀՅԴ անդամի՝ աշխատող մարդիկ աղքատություն չունեն գլխում, բայց տարբերակ չունեն աղքատ չմնալու, իսկ աղքատությունը բերում է աղքատություն.«Աղքատ ընտանիքում չի կարող լինել հարուստ զավակ, աղքատի երեխան էլ է աղքատ: Կոնցեպտը հետևյալն է՝ հասարակությունից ավելի շատ արդյունքներ ստացող մարդը հասարկության առաջ ավելի շատ պարտավորություններ ունի: Հետևաբար, եթե բարձր եկամուտ ես ստանում,  պարտավոր ես վճարել բարձր հարկեր»:

Մեր հարցին, որ օրինագծին կողմ ԱԺ պատգամավորները նշում են, թե մի՞թե ավելի աշխատասեր, ավելի լավ կրթություն ստացած և արդյունքում ավելի բարձր եկամուտ ունեցողները մեղավոր են, որ մյուսներն այդ ամենին չեն հասոլ, ու պետք է իրենք ավելի շատ հարկ վճարեն, Գրիգորյանը պատասխանում է. «Ուզում են ասել՝ IT ոլորտն են զարգացնում՝ բարձր եկամուտ ստանում են այդ ոլորտի մասնագետները: Իրականում սա ոչ այդքան արդարացի կոնցեպտի դուրսբերում է: Իսկ, օրինակ, Մատենադարանի աշխատողը, որը ևս ունի բարձրագույն կրթություն, որքա՞ն  աշխատավարձ է ստանում: Եթե օրինակներով խոսենք, պետք է այնպիսի օրինակներ բերենք, որ մի քիչ իրական կյանքին մոտ լինեն»: 

Ըստ Գրիգորյանի՝ գործող օրենսդրությունը պրոգրեսիվ չէ, պետք է դարձնել իրական պրոգրեսիվ.«Հարկային քաղաքականություն պետք է վարել՝ սոցիալական բաղադրիչը հաշվի առնելով: Չի կարելի համահարթեցման օրինագիծն ընդունել և ասել, որ կառավարություն բերել են սոցիալական ներառականություն»:

Հարցին, իր կարծիքով՝ ԱԺ իշխող մեծամասնությունն ինչպիսի որոշում կկայացնի, տնտեսագետը նշեց.««Իմ քայլը» շատ բազմաշերտ է, տարբեր արժեհամակարգեր կրող անձինք են, որքանով հասցրել եմ ուսումնասիրել՝ լիբերալից մինչև սոցիալ դեմոկրատական: Հստակ ասել չեմ կարող, բայց հույս ունեմ»: