Աշխատավարձի գաղտնի բարձրացնելն է լավը. Փաշինյ...

«Հետքը» պարզել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով բարձրացվել են գործադիրում նախարարների, փոխնախարարների եւ գլխավոր քարտուղարների աշխատավարձները։ Այն, որ արդյունավետ պետական կառավարման համար արժանապատիվ վարձատրություն է պետք, կարելի է ասել աքսիոմատիկ ճշմարտություն է, սակայն անհասկանալի է, թե ինչից մղված է գործող վարչապետը, ով նաեւ հավակնում է ժողովրդի սրտի վարչապետ կոչմանը, իր համակիրների ամբոխի կողմից, որոշել իր այդ որոշումը թաքցնել իր ժողովրդից ու պաշտոնյաների աշխատավարձները բարցրացրել է գաղտնի կերպով։

Եթե օրինակ Սերժ Սարգսյանը նման բան աներ, պատկերացնել միայն կարելի էր, թե այն ժամանակների ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ինչ աղմուկ կբարձրացներ, ինչպիսի բոցաշունչ ելույթներ կունենար ԱԺ ամբիոնից։ Սակայն հիմա կարծես թե ամեն բան փոխվել է ու հեշտ ու սահուն աշխատավարձ է բարձրացնում, ոգեւորությամբ ծախսելով այն գումարները։ Ուշագրավ է եւս մեկ հանգամանք։

Նվազագույն աշխատավարձը բարձրանալու է հաջորդ տարվա հունվարից, սակայն այս տարվա հուլիսից արդեն նախարարների, փոխնախարարների ու գլխավոր քարտուղարների աշխատավարձները կրկնապատկվել են։ Հիշեցնենք, նվազագույն աշխատավարձը դառնալու է 55 հազարից 68 հազար դրամ։ Սա մեղմ ասած խայտառակություն է ու վիրավորանք հենց այն ընտրողներին, ովքեր ընտրել են Փաշինյանին։ Սա ծաղր է «պողոսների» նկատմամբ։

Ու դեռ չգիտենք էլ ինչ հետաքրքիր գաղտնի հանձնարարականներ են տրվել, որոնք ժամանակի ընթացքում բացահայտվելու են։